Բազմազանության այգի Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնում

Նախորդ մի քանի շաբաթները շատ հետաքրքիր և արդյունավետ էին Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնում։ Մի խումբ երիտասարդներ շաբաթվա մեջ մի քանի անգամ հանդիպում էին, որ արվեստի գործ ստեղծեն երիտասարդական կենտրոնի այգում։

Բազմազանության այգին բնապահպանական արվեստի աշխատանք է, որը նախաձեռնել են ժամանակակից արվեստագետ Աննա-Լեա Կոպպեռին և բնապահպան ակտիվիստ, Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնի անդամ Արփինե Գալֆայանը։ Կոպպեռին հրավիրվել էր, որպեսզի երիտասարդներին ներգրավելով՝ միասին ստեղծեին մասնակցային արվեստի այնպիսի գործ, որը հիմնված կլինի նախաձեռնության մասնակիցների բնապահպանական մտահոգությունների վրա։ Մոտ տասը երիտասարդներ 3 շաբաթների ընթացքում ուսումնասիրել են, թե ինչ կարելի է անել այնպիսի հրատապ էկոլոգիական խնդիրների առնչությամբ, ինչպիսի են կենսաբազմազանության վերացումը, ջրի սակավությունը և կլիմայի տաքացումը։ Ակտիվ քննարկումների և մտագրոհների արդյունքում որոշվեց Alternative երիտասարդական կենտրոնի հետնաբակում միասնական ուժերով տնկել Բազմազանության այգի։ Ընտրվել են այնպիսի բույսեր, որոնք տեղական են, գրավում են տարբեր միջատների ու թռչունների, ինչպես նաև լայնատերև են ու ավելի շատ թթվածին արտադրելու կարողություն ունեն։

Հայաստանում վտանգված կամ անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների հիմնախնդրի մասին բարձրաձայնելու նպատակով Հայաստանի Կարմիր Գրքից ընտրվել են 14 կենդանիներ, որոնց անուններն ու թվաքանակը դաջված են շրջանաձև մետաղյա թիթեղների վրա և ամրացված են այգու պատերին։ Երևանում ստեղծված այս բնապահպանական օազիսը ներառում է այնպիսի կենդանիների, ինչպիսիք են Կովկասյան ընձառյուծն (10) ու Հայկական մուֆլոնը (250), ինչպես նաև այգում տնկված 14 բույսերի անունները։ Պատին փակցված շրջանաձև թիթեղները կամար են կազմում, որը համընկնում է այգում բնական քարերով դասավորված պարույրի ձևի հետ։ Այգու կենտրոնում աճելու է խոտերի ու ծաղիկների դաշտ, որը կգրավի թիթեռների, զատիկների ու տարատեսակ միջատների, իսկ պարույրի շրջանների ներսում երիտասարդները կարող են հավաքվել աշխատելու, հանգստանալու կամ միմյանց հետ շփվելու համար։

Ֆինլանդացի վիզուալ արվեստագետ Աննա-Լեա Կոպպեռիի աշխատանքները ցուցադրվել են այնպիսի նշանավոր ցուցադրություններում, ինչպիսիք են Վենետիկի 56-րդ Բիեննալեն և Կասելի Documenta X-ը։ Նրա վերջին ցուցադրություններից են NordiSkulptur-ը (Հելսինկի, Ֆինլանդիա և Կոպենհագեն, Դանիա, 2022) և Երազանքների լիճը (Երևան, 2021)։ Կոպպեռին բնապահպանական և մասնակցային արվեստի գործընթացներ է վարում աշխարհի տարբեր երկրներում ու մշակույթներում։ Նրա աշխատանքները տեղին բնորոշ են և իրականացվում են ինչպես արվեստային տարածքներում, այնպես էլ իր նախագծերի մասնակիցների առօրյա միջավայրերում։ Կոպպեռիի մնայուն բնապահպանական քանդակները տեղադրված են Եվրոպայի մի քանի երկրներում։ Նրա մնայուն բնապահպանական մասնակցային արվեստի գործերից Անվերջ հատապտղային ուղին տնկվել է Ֆինլանդիայի Լահտի քաղաքում 2022-ին։

Նախագիծն իրականացվել է Alternative երիտասարդական կենտրոնի կողմից Ֆիննական մշակութային հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Երիտասարդական կենտրոնը հյուրընկալում է Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ը՝ Planet One ծրագրի շրջանակում։