Ձեռնարկատիրության և Զբաղվածության դպրոց

Մայիսից սեպտեմբեր ամիսների ընթացքում Ձեռնարկատիրության և Զբաղվածության դպրոցները համախմբեցին Երևանում և հարակից քաղաքային ու գյուղական համայնքներում բնակվող 60 սիրիահայերի և տեղաբնակ անձանց:

Դպրոցները նպատակ էին հետապնդում ծանոթացնել մասնակիցներին Հայաստանի ձեռնարկատիրական ոլորտի և դրան վերաբերող օրենսդրության առանձնահատկություններին, ինչպես նաև Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկություններին և գործատուների հիմնական պահանջներին։ Ձեռնարկատիրության և Զբաղվածության դպրոցները GIZ-ի կողմից իրականացվող EPIC ծրագրի մասն են կազմում և անցկացվում են Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի կողմից։

Ձեռնարկատիրության դպրոցի դասընթացավարը Սիլվա Մեսրոպյանն է։ Սիլվան ունի առավել քան 15 տարվա աշխատանքային փորձ ոչ ֆորմալ կրթական համակարգում։ Գործունեություն ծավալել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրներում։

– Մենք սկսեցինք մեր ձեռնարկատիրական ճանապարհը մասնակիցների հետ՝ սկսած գաղափարների մշակումից, դրանք ավելի նորարար դարձնելուց մինչև գաղափարները արդի շուկայի պահանջների հետ համատեղելի դարձնելը, – ասաց Սիլվան։

Մասնակիցների գաղափարները հղկելու ժամանակ ուշադրությունը սևեռված էր դրանք ավելի իրատեսական դարձնելու վրա՝ գնահատելով պահանջարկը։ Շեշտը նաև դրված էր գաղափարի իրատեսական և շահութաբեր լինելու վրա։ Այս ընթացքում մասնակիցները ձեռք են բերել մի շարք հմտություններ, ինչպես օրինակ հանրային խոսքի, հաղորդակցության և այլ հմտություններ, որպեսզի հետագայում իրենց գաղափարները հետաքրքիր ներկայացնեն ցանկացած հանդիսատեսի։ Մասնակիցներն ուսումնասիրել են նաև տարբեր ֆոնդահայթայթման միջոցներ։

– Խմբում ունեինք թե՛ մասնակիցներ, որոնք արդեն գործող գործարարներ էին, թե՛ այս ոլորտում նորեկներ։ Խումբը շատ բազմազան էր․ գաղափարները շատ տարբեր էին։ Սկսած պանրի արտադրությունից մինչև համայնքի զարգացման ծրագրեր, կրթական ծրագրեր, կարուձևի, անասնապահության, սննդի վերամշակման հետ կապված ծրագրեր։ Շատերի մոտ բիզնես գաղափարը հենց իրենց պատմությունից էր գալիս, իրենց հմտություններից և գիտելիքներից։ Հետաքրքիր փորձառություն էր աշխատել ներգաղթյալների հետ։ Մենք այստեղ ունեինք նաև քառօրյա պատերազի երիտասարդ մասնակիցներ, ում դեպքում էլ անձնական զարգացումն ու առաջընթացը շատ հետաքրքիր էր,-  շարունակում է Սիլվա Մեսրոպյանը։

Ծրագրի ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն են ունեցել այցելել այլ կազմակերպություններ ու մասնակցել այլ դասընթացների։ Հյուրընկալել են էքսպերտների՝ ելնելով լսարանի կարիքներից։ Ունեցել են բրենդինգի վերաբերյալ շուկայի առաջատար էքսպերտներից մեկի հետ, հարկային և հաշվապահական փորձագետի հետ հանդիպում, Զբաղվածության պետական գործակալությունից մասնագետների և, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից ներկայացուցիչների հետ հանդիպումներ։ Բացի այդ դպրոցի մասնակիցները հնարավորություն են ունեցել ներգրավվել մեկ այլ արդյունավետ ծրագրում, որն իրենց համար կազմակերպվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ իրենց իսկ նախընտրությունների հիման վրա։

Որոշակի խմբային թրեյնինգներից հետո մասանկիցներն ունեցան հնարավորության մասնակցելու անհատական սեսիաների, որտեղ արդեն սկսեցին աշխատել իրենց բիզնես գաղափարները բիզնես պլանի վերածելու շուրջ։

Սոնա Գրիգորյանը Զբաղվածության դպրոցի դասընթացավարն է։ Սոնան առաջին մասնագիտությամբ հոգեբան է, երկրորդով՝ սոցիոլոգ։ Նա ոչ ֆորմալ կրթության ոլորտում է 2006 թվականից։ Իրեն շատ է դուր գալիս ոչ ֆորմալը՝ իր հորիզոնականությամբ, իր հավասարությամբ ու ինֆորմացիայի և սովորելու նյութափոխանակության պրոցեսով:

Ահա Սոնան պատմում է Զբաղվածության դպրոցի մասին․

– Մասնակիցների խումբը շատ բազմազան ստացվեց՝ ֆուտբոլիստից սկսած մինչև երաժիշտ։ Դասընթաց վարելիս ինձ համար շատ կարևոր է, որ բոլոր մասնակիցներն իրենց հարմարավետ զգան խմբում։ Բացահայտումներով լի էր ինձ համար, երբ սկսեցինք կազմակերպել բանավոր  ինքնաներկայացում, իսկ դա  հենց աշխատանքի հարցազրույցի սիմուլիացիոն խաղերից էր: Ամեն սիմուլիացիոն խաղը խմբի մոտ բուռն քննարկումների առիթ էր առաջացնում, որովհետև  ամեն մեկը, ով նստում էր հարցազրույց տվողի դերում նորովի էր բացահայտվում։

Արդեն իսկ դասընթացների արդյուքնում ունեցել են բազմաթիվ հաջողված պատմություններ։ Սոնան խոսեց երկուսի մասին։

Առաջինը ֆուտբոլիստ Պորտուգալյան Աբրահամն է, ով շատ էր ցանկանում գնալ ավելի առաջատար հավաքական: Նրան դա հաջողվեց, և այժմ նա տեղափոխվել է Երևան ակումբ։

Մյուսը Ղազարյան Լիանան է, ով շատ բազմազան հետաքրքրություններ ունի: Շուտով նա կսկսի ոսկերչություն սովորել։

“Իրենցը շատ եմ կարևորում,- ասում է Սոնան,- որովհետև խումբը յուրահատուկ ձևով ոգևորվեց երկուսի հաջողություններով էլ:”

Սոնան շատ բարձր է գնահատում այս փորձը և նշում է, որ շատ գոհ է այս հնարավորությունից, որովհետև նրա համար, բացի հմտություններ և գիտելիքներ տալը շատ ավելի մեծ կապիտալ է ոչ սոցիալականը այսիքն՝ կապերն ու շփումը:

Զբաղվածության և ձեռնարկատիրության դպրոցները տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի աշխատանքային և ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը նպատակաուղղված հնգամսյա դպրոցներ են։ Դպրոցներն իրականացվում են «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ -ի կողմից, «Action Against Hunger» միջազգային մարդասիրական կազմակերպության հետ համագործակցությամբ, ԳՄՀԸ (GIZ)-ի աջակցությամբ իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում:

«Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ։