Հագուստի վաուչերներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին

Հագուստի վաուչերներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին

Վայոց ձորի Կեչուտ գյուղում ապրող Մերի Մարգարյանն իր երեխաների՝ Սոֆիի ու Դոնարայի հետ պատրաստվում է գնալ հագուստ գնելու: Շատերի համար սա գուցե սովորական իրադարձություն է, բայց Սոֆին ու Դոնարան միշտ չէ, որ ունենում են նման հնարավորություն:

«Սա երեխաների համար մի ուրիշ ուրախություն է, հաճախ չէ, որ կարողանում ենք իրենց համար անհրաժեշտ շորեր գնել։ Ես 5 երեխա ունեմ. մեծացող երեխաներ են, չեմ կարող իրենց ասել շորդ փոքրացելա, ոչինչ, հագի, կամ մի կեր, սնունդ չկա», – ասում է Մերի Մարգարյանը:

Մերի Մարգարյանի ընտանիքը Լեռնային Ղարաբաղից Եղեգնաձորի Կեչուտ գյուղ է տեղափոխվել 2020 թվականին՝ հակամարտության օրերին: Կեչուտում նրանք ապրում են 9 հոգով: Մերին պատմում է, որ այլ աջակցություններ ևս ստացել են, բայց միևնույնն է, դժվարանում են «ծայրը-ծայրին հասցնել»։

«Երբ ինձ զանգահարեցին ու տեղեկացրին, որ նման 2 վաուչեր են ինձ տրամադրելու, շատ ուրախացա՝ պատկերացնելով, թե որքան կուրախանան երեխաներս», -պատմում է Մերին՝ ավելացնելով, որ իր համար շատ կարևոր է, որ երեխաները լիարժեք մանկություն ունենան:

«Ճապոնիայի կառավարության ֆինանսավորման շնորհիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ փորձեցինք հատուկ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմազավակ ընտանիքներին և հատկապես մինչև 5 տարեկան երեխաներին, քանի որ գիտենք, որ բազմազավակ ընտանիքներում աղքատության ռիսկն ավելի բարձր է, իսկ կարիքները՝ ավելի շատ, քանի որ կորցրել են այն ամենն, ինչ ունեին», -մանրամասնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը։


Փետրվար ամսին Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Վայոց Ձորում և Սյունիքում բնակվող տեղահանված 165 ընտանիքում ապրող մինչև 5 տարեկան 286 երեխա ստացել է 24 000 դրամին համարժեք վաուչերներ։ «Այս վաուչերներով ընտանիքները կարող է ձեռք բերել հագուստ, կոշիկ, վերմակ և այլ պարագաներ»,- մանրամասնում է Արմենուհին։

«Մեր գործընկեր «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության հետ իրականացրել ենք նաև մարզային հանդիպումներ ու քննարկումներ, որոնց ժամանակ ծնողներին և խնամակալներին մանրամասն ներկայացրել ենք, թե որտեղ և ինչպես է պետք օգտագործել դրանք։ Վաուչերների սպառման համար ընտրվել էր մարզերում համեմատաբար լայն ծածկույթ ունեցող խանութները», – հավելում է Արմենուհին:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարծիքով վաուչերային մեխանիզմը երեխաների կարիքներին արագ արձագանքման միջոց է, և նախարարությունն ակնկալում է դրա հուսալիությունն ու արդյունավետությունը առավել հստակ արդյունքների մշտադիտարկման հիման վրա:


Մինչ այս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ տրամադրել ենք կանխիկ դրամական աջակցություն։ Իսկ վաուչերային համակարգը նոր սխեմա էր մեզ համար, լավ փորձառություն: Թեև ընտրանքը շատ մեծ չէր, բայց իր օգտակարությունը շատ բարձր է` որպես նոր ձևի աջակցություն, որը մենք հետագայում կարող ենք կիրառել անհրաժեշտության դեպքում», -նշում է նախարարի խորհրդական Ինգա Հարությունյանը։

 

Ամբողջ աշխարհում դրամական կամ վաուչերային աջակցությունը համարվում է աջակցության առավել արժանապատիվ միջոց, քանի որ այն արձագանքում է շահառուների անհատական կարիքներին և ապահովում է ընտրության ազատություն:

«Ճիշտ է վաուչերային աջակցությունն ավելի սահմանափակող է, հատկապես եթե այն կոնկրետ ապրանքի համար է և ավելի սերտորեն է կապված որոշակի քաղաքականության նպատակների հետ, բայց մեր պարագայում, մենք չենք սահմանափակել, թե կոնկրետ ինչ տիպի հագուստ պետք է գնվի շահառուի կողմից: Վաուչերային աջակցությունն իրականացման ավելի բարդ մեխանիզմ է պահանջում․ առաջին փորձից արդեն քաղել ենք որոշակի դասեր, որոնք հետագայում հաշվի պետք է առնվի նման աջակցություն տրամադրելիս », – նշում է Արմենուհի Հովակիմյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության 2020թ-ի սրացման արդյունքում շուրջ 90,000 մարդ է տեղահանվել։ Ամեն ինչ թողնելով հետևում՝ շատ ընտանիքներ ստիպված են եղել ամեն ինչ սկսել զրոյից՝ չունենալով կենսաապահովման նվազագույն միջոցներ։ Ինչպես շատ բազմազավակ ընտանքիներում, այնպես էլ Մերիի ընտանիքի դեպքում, թեև Մերին ու ամուսինն աշխատանք ունեն, բայց գումարը չի բավականացնում մեծ ընտանիքի համար. ծախսերն ու խնդիրները շատ են։

«Երեխաների մեծանալուն զուգահեռ՝ ծախսերը կրկապատկվում են։ Հագուստի այս երկու վաուչերներն իմ ընտանիքին մի բեռից ազատվելու հնարավորություն տվեցին, բայց կան խնդիրներ, որոնք շարունակում են անհանգստացնել մեզ` երեխաների կրթության հարցը, հարմարավետ կացարանի հարցը և այլն»,- նշում է Մերին։

Հակամարտության առաջին իսկ օրերից ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարբեր աջակցություններ է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին և նրանց ընտանքիներին։ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այժմ աշխատում է քաղաքականության ու օրենսդրական դաշտի բարելավման վրա՝ աջակցելով սոցիալական պաշտպանության ոլորտի համապարփակ ռազմավարության և ինտեգրված սոցիալական ծառայությունների ենթառազմավարության մշակմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման մեխանիզմների և սոցիալական աշխատանքի հետ կապված այլ հիմնական կարգավորումների մշակմանը։