Հայ կամավորների փորձառությունները Բուլղարիայում

Մայիսի 15-ից Հունիսի 15-ը Բուլղարիայում տեղի ունեցավ “Alternativi International” կազմակերպության կողմից իրականացվող է «Ոչ ատելության խոսքին» (No hate speech) մեկ ամսյա կամավորական ծրագիրը։ Ծրագիրը համախմբեց 17-30 տարեկան երիտասարդների՝ 6 տարբեր երկրներից ժամանած։ 5 հայ երիտասարդներ նույնպես հնարավորություն ունեցան մասնակցելու ծրագրին։

Ծրագրի նպատակններն էին՝

  • տարբեր երկրների երիտասարդների շրջանում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը;
  • ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով ատելության խոսքի տարածման հնարավորությունների նվազեցումը;
  • ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի ու հակազդման կարողություններով զինումը։

Ծրագրի մասնակիցները բավականին արդյունավետ են համարում թե՛ ծրագրի բովանդակությունը, թե՛ ֆորմատը։ Մասնակիցներից Ռազմիկ Մարտիրոսյանը այն հարցին, թե ինչպիսին էին ծրագրի վերաբերյալ նրա պատկերացումները, պատասխանեց հետևյալ կերպ․

– Նախորդ տարի ընկերներիցս մեկը մասնակցել էր “Alternativi International”-ի նույնանման նախագծերից մեկին, և երբ վերադարձավ, բավականին տպավորված էր, նշում էր, որ անմոռաց օրեր է ունեցել, ձեռք է բերել նոր ընկերներ, կատարելագործել է անգլերենը, ճամփորդել է․․․ Այսքանից հետո ինձ այլ բան չէր մնում, քան առաջին իսկ հնարավորության դեպքում մասնակցել ծրագրին։ Նախապես պլանավորել էի, թե մեկ ամսվա ընթացքում Բուլղարիայի որ քաղաքներն եմ այցելելու, ինչպես եմ կազմակերպելու աշխատանքս։ Եվ գրեթե ամեն ինչ պլանավորածիս համաձայն անցավ։

Ռազմիկը նաև մի քանի մանրամասներ նշեց իր մշակութային փորձառության վերաբերյալ․

-Բուլղարիայում կյանքումս առաջին անգամ որոշեցի օգտվել ավտոստոպից, և հենց առաջին փորձս բավականին հաջող էր։ Մի քանի հայերով էինք, նաև մեր դրացի վրացիներն էին մեզ հետ։ Բլագոևգրադից Բանսկո մեկնեցինք, հրաշալի ժամանակ անցկացրինք, նույն եղանակով էլ վերադարձանք։ Ինչպես ասում են՝ բոլոր գոհ էին և երջանիկ, դե, ես էլ բավականին հպարտ էի, որ չձախողվեցի։ Այդ եղանակով բազմաթիվ քաղաքաներ ու գյուղաքաղաքներ եմ այցելել, և էլ ավելի մոտիկից ծանոթացել Բուլղարիայի մշակույթին, շփվել տարբեր մարդկանց հետ, որոնք ամբողջ ճանապարհին խորհուրդ էին տալիս այս կամ այն վայրն այցելել, փորձել այս կամ այն ուտեստը։

Մինչդեռ, Մադլեն Չախալյանը պատմեց ծրագրում իր ներգրավածության մասին․

-Ծրագրի ընթացքում բազմաթիվ առաջադրանքներ և խաղեր էին կազմակերպվում, ինչը բավականին օգնեց լինել ավելի ազատ թիմային աշխատանքում, կարծում եմ բավականին ակտիվ ներգրավված եմ եղել բոլոր թիմային աշխատանքներում:

Մասնակիցներից մեկ ուրիշը՝ Սրբուհի Պետրոսյանը, պատմեց օտարերկյա մասնակիցների հետ իր փորձառության մասին՝ նշելով իրենց ընդհանուր հետաքրքրությունները․

-Բոլորս էլ ունեինք ընդհանուր հետաքրքրություններ կապված լեզուների ուսումնասիրության հետ, նախասիրությունների, ազգային առանձնահատկությունների, ինչու ոչ նաև սիրելի ուտեստների, նախընտրած երաժշտության և այլնի հետ։

Ծրագրի ընթացում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, ինչպես նաև զարգացրին մի շարք հմտություններ։ Ծրագիրը նրանց օգնեց զարգացնել իրենց համակարգչային հմտությունները, ինչպես նաև գաղափարներն արագ արտահայտելու կարողությունները։ Ծրագրի շնորհիվ մանսակիցները հետաքրքրություն ձեռք բերեցին դեպի գրաֆիտի արվեստը և խորացրին ատելության խոսքի մասին իրենց գիտելիքները։ Թերևս նրանց ամենից նշանակալից փորձառությունը մեկ ամիս շարունակ միայնակ ապրելն էր։

Մասնակիցներից Անի Թորոսյանը պատմեց ծրագրի ընթացքում իրեն բազմաթիվ անգամներ ուղղված հարցի մասին․

-«Ո՞նց, իրանց լավ ե՞ն պահում, հո բան-ման չե՞ն ասում, լա՞վն են»։ Մոտավորապես էսպիսի հարցեր էին տալիս ընկերներս և բարեկամներն՝ իմանալով, որ Թուրքիայից էլ ներկայացուցիչներ կան։ Բոլոր հետաքրքրասերներին ասեմ․ լավը չէին, շաաաատ լավն էին։

Հետաքրքրե՞ց այս ծրագրով։ Ցանկանո՞ւմ ես մասնակցել։ Ուշ չէ, քանի որ Alternativi International-ը և Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն նոր հնարավորություն են ընձեռում այն երիտասարդներին, որվքեր դեռևս չեն հասցրել մասնակցել ծրագրին։ Մանրամասն տեղեկությունների համար գրի՛ր մեր ֆեյսբուքյան էջին։ Սպասում ենք հենց քո հայտադիմումին։