Եթե 17-ից 30 տարեկան ակտիվ երիտասարդ ես, բնակվում ես Տավուշում, Գեղարքունիքում կամ Սյունիքում, ուզում ես սովորել՝
- ինչպես կարելի է սոցիալական մեդիան և թվային հարթակները օգտագործել որպես առցանց արշավների կազմակերպման և հանրային ակտվիզմի գործիք,
- արդյունավետ կերպով մասնակցել որոշումների կայացմանը՝ օգտագործելով էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու միասնական էլեկտրոնային հարթակները,
- զարգացնել գիտելիքներդ մեդիագրագիտության ոլորտում,
- ստեղծել սեփական փոդքաստները՝ լսելի դարձնելով քեզ հուզող հարցերը փոդքաստների միջոցով,
- հնարավորություն ստանալ գիտելիքներդ ներդնել քո մարզի զարգացման մեջ 2-ամսյա մենթորական աջակցությամբ, ապա շտապի ՛ր դիմել այս կրթական ծրագրին։
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը Եվրոպական երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում՝ մեդիա և թվային տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է խթանել Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում բնակվող 18-ից 30 տարեկան երիտասարդների, երիտասարդ առաջնորդների և երիտասարդական աշխատողների թվային մասնակցությունը՝ զարգացնելով նրանց գիտելիքներն ու կարողությունները առցանց ակտիվիզմի և ջատագովության, մեդիագրագիտության, փաստերի ստուգման, սոցիալական մեդիա արշավների կազմակերպման, փոդքասթինգի ոլորտներում՝ հնարավորություն տալով ստեղծել և իրականացնել հանրային արշավներ։
Ծրագիրը նախատեսում է 2 հիմնական փուլեր՝
- Մարտի 10-17-ը Երևանում անցկացվող մեկշաբաթյա ինտերակտիվ դասընթաց, որն իր շուրջը կհամախմբի Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի խոշորացված համայնքներում և սահմանամերձ գյուղական բնակավայրերում ապրող 17-30 տարեկան 30 երիտասարդներին և կզինի վերոնշյալ կարողություններով։
- ապրիլ-մայիս ամիսներին դասընթացի մասնակիցներին կառաջարկվի առցանց մենթորության 2-ամսյա փուլ, որի շրջանակներում մենթորների աջակցությամբ իրենց համայնքներում կիրականացնեն իրենց տեղեկատվական կամ իրազեկման մեդիա նախագծերը՝ գործնականում կիրառելով ստացած գիտելիքները։ Առցանց մենթորության ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան իրենց զարգացրած կարողություններն ու գիտելիքները բերել գործնական դաշտ և տարածել իրենց գիտելիքներն ու փորձը իրենց համայնքում բնակվող երիտասարդների շրջանում։
Ծրագրի ավարտին՝ 2022 թ․ հունիսին տեղի կունենա ծրագրի արդյուքների ներկայացման և ամփոփման ավարտական միջոցառումը, որի ընթացքում երիտասարդ մասնակիցները կկիսվեն իրենց՝ տեղեկատվական մեդիա արշավների և նախագծերի իրականացման փորձառությամբ, կստանան ավարտական վկայականներ և կքննարկեն միջմարզային համագործակցությանն ուղղված նոր մեդիա նախագծերի իրականացման հնարավորությունները։
Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը՝ այդ թվում Երևանում կացության, 3-սննդի և ճանապարհափոխադրման ծախսը։
Ինչպե՞ս դիմել։
Ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել հետևյալ դիմում-հայտը՝ https://forms.gle/bhmFDtHNBz2aZpZG6 ։
Դիմելու վերջնաժամկետը Մարտի 5-ն է։
Կազմակերպության մասին
«Հայ առաջադեմ երիտասարդություն»-ը Հայաստանում գործող ակտիվ երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում և աջակցել երիտասարդներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները։
«Մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում՝ մեդիա և թվային տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից՝ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Apy
February 22nd, 2022 View Profile