Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի միջև

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ձեռնարկման՝ Միացյալ Թագավորության հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հմտությունների բարելավում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման միջոցով Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ համայնքներում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության միջև փետրվարի 1-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին աջակցելու նպատակով:

Համագործակցության նպատակն է Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում գտնվող Արցախի Հանրապետության 70 գործազուրկ քաղաքացիների համար 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը իրականացնել աշխատանքային պրակտիկայի ծրագիր՝ աշխատաշուկայում նրանց մրցունակ դարձնելու և աշխատանք գտնելու հնարավորությունները մեծացնելու նպատակով։

Հետպատերազմյան շրջանում զբաղվածությունը համարվում է կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման հասնելուն նպաստող հիմնական գործոններից մեկը: Աշխատատեղերի ստեղծումը համարվում է համայնքների և անհատների վերաինտեգրման և վերականգնման հիմնական լուծումը։

Պրակտիկայի վրա հիմնված ուսուցումը և աշխատանքի վերապատրաստումը կնպաստի վերոնշյալ համայնքերում ժամանակավոր զբաղվածության խնդրի լուծմանը։ Ծրագրիը նաև շահառուներին հնարավորություն կտա կարճաժամկետ աշխատանքների իրականացման միջոցով եկամուտ և աշխատանքային փորձ ձեռք բերել։

Ծրագրի արդյունքում Արցախից Հայաստան տեղափոխված շուրջ 70 անձ կզարգացնեն իրենց անձնական և մասնագիտկան կարողությունները։ Ծրագրի շրջանակներում Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տարածաշրջանային գործատուները կհյուրընկալեն ծրագրի շահառուներին։

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայության և անվտանգության հիմնադրամի կողմից։