Սույն առաջարկությունների փաթեթը մշակվել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համատեղ կազմակերպված «Երիտասարդական ֆորում»-ի ընթացքում։ Ֆորումին մասնակցել են ՀՀ մարզերում և Երևանում բնակվող 16-ից 35 տարեկան 120 երիտասարդ։
Ֆորումի նպատակն էր
Երիտասարդներին ներգրավել 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակմանը և երկխոսության հարթակ ստեղծել երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև։
- Որո՞նք պետք է լինեն առաջիկա 5 տարիներին երիտասարդության ոլորտում Հայաստանի Հանրապետության գերակայությունները։
- Ի՞նչն է ներկայումս ամենից շատ մտահոգում երիտասարդներին։
- Որո՞նք են երիտասարդների առջև ծառացած հիմնական խնդիրները և ինչպե՞ս են երիտասարդները տեսնում այդ խնդիրների լուծումը։
- Ի՞նչ մեխանիզմներ, պայմաններ և ռեսուրսներ են անհրաժեշտ Հայաստանում երիտասարդների զարգացման, ինքնաիրացման, ինքնադրսևորման և բարեկեցության ապահովման համար։
Այս և մի շարք այլ կարևոր հարցեր քննարկվեցին երիտասարդների կողմից «Երիտասարդական ֆորում»-ի 6 աշխատարանների շրջանակներում։
ՀՀ Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի գերակայությունները, նպատակները և ակնկալվող գործողությունները երիտասարդների կողմից քննարկ 6 վեցին հետևյալ 6 թեմատիկ աշխատարանների շրջանակներում՝
Աշխատարան 1 – Երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացմանը
Աշխատարան 2 – Երիտասարդների սոցիալական խնդիրները և տնտեսական մասնակցությունը
Աշխատարան 3 – Երիտասարդների առողջությունը, ներգրավումը մշակութային և գիտական ոլորտներում
Աշխատարան 4 – Երիտասարդների շրջանում կամավորության մշակույթի զարգացումը
Աշխատարան 5 – Երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության զարգացումը
Աշխատարան 6 – Երիտասարդության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը
Աշխատարաններում երիտասարդները քննարկել են ոլորտում իրենց հուզող հարցերը, երկխոսությամբ ծանոթացել տարբեր համայնքների խնդիրներին, կատարել են խմբային աշխատանքներ, առաջարկել իրենց լուծումները։ Երիտասարդներին հուզող հիմնական հարցերն էին որակյալ կրթությունը, մուտքն աշխատաշուկա, իսկ որոշ երիտասարդների կարծիքով էլ՝ ամեն ինչ պետք է սկսել՝ փոխելով մտածելակերպը։
Երիտասարդների մտահոգությունների շրջանակն ընդգրկում էր նաև առողջապահության, գիտության, մշակույթի, ընթերցանության խթանման, զբաղվածության և այլ ոլորտներ։ Հայաստանում դեռևս բացակայում են կամավորության մշակույթի կայացման և խթանման համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Երիտասարդները քննարկել են նաև կամավորության խթանման, կամավորական մշակույթի զարգացման և ինստիտուցիոնալացման հարցերը։ Որպես լուծման առաջնային մեխանիզմ՝ նրանք առաջարկել են ենթակառուցվածքների զարգացումը, երիտասարդական խմբերի ակտիվ ներգրավվածությունը, իրազեկվածության բարձրացումը։ Երիտասարդները կարևորել են նաև բուհերում երիտասարդական աշխատանքի ֆորմալ կրթական ծրագրեր և պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատողի վերապատրաստման մեթոդաբանության ներդրումը:
Առաջարկությունների փաթեթը կարող եք գտնել կից՝ https://bit.ly/3bT7lNA
Apy
May 27th, 2021 View Profile