Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի երիտասարդները՝ «Մեդիագրագիտության դեսպաններ»

Նոյեմբերի 5-ին պաշտոնապես մեկնարկեց մեկշաբաթյա դասնթացը՝ իր շուրջը համախմբելով Սյունիքից, Տավուշից և Գեղարքունիքից ընտրված 20 մասնակիցների, ովքեր 7 աշխատանքային օրերի ընթացքում ուսումնասիրել և իրենք գիտելիքներն են զարգացրել թվային գրագիտության, մեդիագրագիտության, կիբերգրագիտության ոլորտներում։

Դասընթացի վերջին օրը մասնակիցները մենթորների հետ համատեղ մշակել են մարզային նախաձեռնությունների և միջոցառումների իրականացման պլան, որպեսզի դասընթացի ավարտից և մարզեր մեկնելուց հետո գիտելիքները համակարգված կերպով ներդնեն սեփական համայնքներում։

Դասընթացավարների աջակցությամբ և տարբեր ինտերակտիվ ու մասնակցային մեթոդների միջոցով մասնակիցները հանարավորություն ստացան հնարավորինս բազմակողմանի կերպով յուրացնել գիտելիքներ սեփական տեղեկատվական արշավները կազմակերպելու և իրականացնելու համար։

Գործնական առաջադրանքների միջոցով ծանոթացան փաստերի ստուգման պրակտիկ գործիքներին, հասկանալով՝ ինչպես կարող են հեշտությամբ տեքստ/ֆոտո/վիդեո պարունակող ցանկացած նյութերի աղբյուրները գտնել, ինչպես նաև վերլուծել քարոզչական նպատակ հետապնդող հաղորդագրությունների բնույթը և հասկանալ դրանց դեմ պայքարի եղանակները:

Դասընթացի երկրորդ բլոկի՝ կիբերգրագիտության թեմայի շրջանակներում, մասնակիցները յուրացրին առցանց տվյալների անվտանգության և ապահովության պահպանման կանոնները, հաքերային հարձակումներին դիմակայելու եղանակները, ինչպես նաև թիմային աշխատանքների միջոցով կատարեցին սոցկայքերում գրանցված օգտահաշիվների վերլուծություն։

Թվային գրագիտության բլոկում մասնակիցները ծանոթացան տարբեր թվային գործիքների, սոցիալական մեդիայի կիրառությանը՝ որպես տեղեկատվական արշավների կազմակերպման և ակտիվիզմի գործիք, յուրացրին թվային մարքեթինգի հիմունքները, որպեսզի ճիշտ կառուցեն և առաջխաղացնեն իրենց տեղակատվական արշավները։

2․ Ընդհանուր առմամբ մասնակիցները համատեղ զարգացրել են մարզային միջոցառումների բազմաբովանդակ պլան, որի շրջանակներում մենթորների աջակցությամբ պլանավորել են մեդիագրագիտությանն ու կիբերգրագիտությանը ուղղված հետևյալ գործողությունները՝

• 2 ֆոտոարշավների իրականացում,
• Հանրային ռադիոյի հետ համատեղ 3 ռադիոհաղորդումներ,
• 3 փոդքաստներ և 6-ից ավել մարզային սեմինարներ։

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մասնակիցների կողմից արդեն իսկ իրականացվել է 3 օնլայն միջոցառումներ վեբինարների տեսքով՝ Արցախի պետական համալսարանի ուսանողների, Փափուկ Մարտակերտ ՀԿ-ի շահառուների, ինչպես նաև գորիսաբնակ 25-45 տարեկան մոտ 50 կանանց համար և 3 օֆլայն միջոցառումներ Սյունիքի դպրոցներում՝ Շինուհայր, Վերիշեն, Վաղատուր համայնքներում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։

Սկսվել են նաև «Ես մեդիագրագետ եմ» ֆոտարշավի աշխատանքները, որի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 20-ից և կշարունակվի մինչ հունվարի 20-ը։ Մնացյալ պլանավորված միջոցառումները կմեկնարկեն հունվարին և կավարտվեն մարտ ամսին՝ ավարտական վկայականների շնորհմամբ։

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպայի խորհրդի (Council of Europe), Եվրոպական երիտասարդական հիմնադրամը (European Youth Foundation) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։