W-EMPOWER նախագծի երկրորդ դպրոցը

Նախորդ 8 ամիսների ընթացքում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն իրականացնում էր զբաղվածության և ձեռներեցության դասընթացների շարք W-EMPOWER ծրագրի երկրորդ դպրոցի շրջանակներում։ Նախագիծը համախմբել էր տարբեր մասնագիտություններով և հետաքրքրություններով կանանց Հայաստանի տարբեր մարզերից: Նախագիծը մասնակիցների համար հնարավորություն էր սովորելու նոր հմտություններ, դառնալու ավելի մրցունակ և նոր կապեր ստեղծելու: Ծրագրի արդյունքում 48 մասնակիցներ ստացան գիտելիքներ մի շարք թեմաներից։ Մասնակիցները հնարավորություն ունեցան անցնելու անհատական զարգացման դասընթացներ, ինչպիսիք են՝ինքնակենսագրականի կազմումը,աշխատանքային հարցազրույցը,մոտիվացիոն և ուղեկցող նամակները, գործնական հաղորդակցությունը և էլեկտրոնային նամակագրությունը, նորարարական բիզնես գաղափարների հղացումը, ֆինանսների կառավարումը և բյուջետավորումը, գործարար նախագծի կազմումը։

Դասընթացների ավարտին մասնակիցները հանդես եկան ելույթներով դրամաշնորհի, կրթաթոշակի և փորձնակության հնարավորություններ ստանալու համար: Ընտրվեցին 6 մասնակից կրթաթոշակի, 10 մասնակից փորձնակության, 25 մասնակից դրամաշնորհի հայտ մշակելու և 7 մասնակից այն ստանալու հնարավորության համար: Մասնակիցները ներկայացրին իրենց բիզնես գաղափարները՝ սկսած օճառի արտադրությունից, հյուրատան հիմնումից մինչև հագուստի մոդելավորում, տիկնիկների և թխվածքների պատրաստում։Նրանցից շատերն արդեն սկսել են ծրագրի երկրորդ փուլը (փորձնակություն, դրամաշնորհներ, կրթաթոշակներ) և նշում են, որ սա իրենց համար կյանքը փոխող հնարավորություն է եղել։

Ծրագրի փակման արարողության ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան ամբողջ խմբի հետ կիսվելու նախագծի վերաբերյալ իրենց տպավորություններով և փորձով: Մասնակիցներից մեկը նշեց, որ մինչ նախագիծը ինքը չէր պատկերացնում, որ երբևէ կարող է հնարավորություն ստանալ լքելու իր հարմարավետության գոտին և փորձելու նոր հմտություններ սովորել: Նրա համար սա բոլորովին նոր փորձ էր, քանի որ նա երբեք չի կարողացել նույնիսկ մտածել իր կյանքում աշխատելու մասին: Մեկ այլ մասնակից ասաց, որ իրեն հիացրել են ծրագրի դասընթացավարները, ովքեր միշտ պատրաստ են օգնելու մասնակիցներին առավելագույն օգուտ քաղել այս փորձից:

Սույն ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Ջուլիա Թաֆթ դրամաշնորհի շրջանակներում։ Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։