Տեղեկատվական հոդված կորոնավիրուսային վարակի (COVID-19) վերաբերյալ

Կորոնավիրուսներ, Նոր կորոնավիրուսային հիվանդություն

Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք հիվանդություններ են առաջացնում թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների շրջանում: Մարդկանց շրջանում կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Մեր օրերում աշխարհում տարածված հիվանդությունը կոչվում է Նոր կորոնավիրուսային վարակ, որը փոխանցվում է մարդուց մարդ:

 

Վարակի փոխանցման ուղիները

Վիրուսը տարածվում է արդեն վարակված հիվանդի հետ սերտ շփման արդյունքում: Այսպես՝ հիվանդը հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ վիրուսային մասնիկները տարածում է շրջապատում, հատկապես այն դեպքերում, երբ հազալիս կամ փռշտալիս դեմքը փակ չէ դիմակով, անձեռոցիկով կամ ձեռքի արմունկով: Վիրուս պարունակող կաթիլները անմիջապես կարող են թափանցել այլ մարդու շնչական համակարգ և վարակել նրան, եթե պահպանված չէ վարակակրից 1.5-2 մետր հեռավորություն: Ավելի հեռու գտնվելու դեպքում վարակվելու հավանականությունը շատ փոքր է, քանի որ կաթիլները ծանրության հաշվին վայր են ընկնում և չեն հասնում դիմացինին:

Վարակվել հնարավոր է նաև շփվելով այն իրերի կամ մակերեսների հետ, որոնց վրա ընկել ու պահպանվել են վիրուս պարունակող կաթիլները: Վարակը տեղի է ունենում, եթե նման իրերին ձեռքով դիպչելուց հետո ձեռքով դիպչում ենք դեմքին, բերանին, քթին կամ տրորում ենք աչքերը: Վիրուսն օդում մնում է մինչև 3 ժամ, ստվարաթղթի վրա՝ մինչև 24 ժամ, պղնձի վրա՝ մինչև 4 ժամ, իսկ պլաստիկի և չժանգոտվող մետաղի վրա՝ 2-3 օր:
 

Վարակված լինելու ախտանշանները

Պետք է իմանալ, որ կորոնավիրուսով վարակված մարդկանցից ոչ բոլորի մոտ են հայտնվում հիվանդության նշաններ: Տարբեր տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է ասել, որ վարակվածներից կեսի մոտ հիվանդությունն ընթանում է աննկատ կամ գրեթե աննկատ, այնպես, որ վարակակիրը չի էլ կասկածում իր մոտ հիվանդության առկայության մասին: Սա իհարկե լավ է տվյալ հիվանդի համար հիվանդությունն առանց խնդիրների տանելու իմաստով, սակայն շատ խնդրահարույց է այն իմաստով, որ այսպիսի մարդիկ ավելի վտանգավոր են վարակը տարածելու առումով: Մեկ կարևոր փաստ ևս․ նշաններ հայտնվում են վարակումից հետո 2-ից 14 օրերի ընթացքում, հիմնականում 5-րդից 8-րդ օրերին: Հիվանդության նշաններ ունեցող 100 հիվանդից՝

  • 99-ի մոտ      առկա      է      տենդ՝  5-39.0C սահմաններում,
  • 70-ի մոտ առկա է հոգնածության զգացողություն,
  • 60-ի մոտ առկա է չոր հազ,
  • 59-ի մոտ առկա են կոկորդում չորություն և ցավ,
  • 40-ի մոտ առկա է ախորժակի կորուստ,
  • 35-ի մոտ առկա են մկանային ցավեր,
  • 31-ի մոտ առկա է դժվարացած շնչառություն,
  • 27-ի մոտ առկա է խորխարտադրություն:

Ավելի հազվադեպ, բայց կարող են դիտվել նաև փորլուծություն, սրտխառնոց և փսխումներ, գլխացավ, մաշկի ցանավորում, հոտառության ու համազգացության կորուստ (կից՝ ցանի գունավոր նկարներ):
Թեթև ընթացքի կամ աննկատ ընթացքի դեպքում հիվանդությունը տևում է միջինում 2 շաբաթ, միջին և ծանր դեպքերում ընթացքը կարող է երկարաձգվել մինչև 5-6 շաբաթ:

 

Կանխարգելիչ պաշտպանական միջոցները

Պետք է գիտակցել, որ մեծ ցանկության և հետևողական լինելու պայմաններում կարելի է ապրել առանց արտակարգ դրության պայմանների և չվարակվել կորոնավիրուսով: Պարզապես մեր առօրյա գործունեության ընթացքում պետք է հետևել մի քանի նոր կանոնների և ձևավորել նոր վարքագիծ:

 

Հանրային վայրերում
  • պահպանել այլ մարդկանցից սոցիալական հեռավորություն (1.5- 2 մետր)
  • կրել դիմակ
  • տարբեր իրերի դիպչելիս հագնել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • ձեռքով դեմքին չդիպչել
  • հնարավորության դեպքում ձեռքերը լվանալ կամ
  • ախտահանել
  • հազալիս կամ փռշտալիս ծածկել դեմքը

Տուն վերադառնալիս
  • աշխատե՛ք ոչնչի ձեռք չտալ
  • հանե՛ք կոշիկները
  • ախտահանե՛ք ձեր տնային կենդանու թաթերը, եթե նրա հետ եք փողոց դուրս եկել
  • հանե՛ք ողջ հագուստը և լցրե՛ք պարկի մեջ, որ հետո լվանաք (լվացեք 60 C-ից բարձր ջերմաստիճանի ջրով)
  • պայուսակները, բանալիները, դրամապանակը և այլ իրեր թողե՛ք մուտքի մոտ՝ արկղի մեջ
  • լողացե՛ք, անհնարինության դեպքում լվացե՛ք մարմնի բոլոր այն մասերը, որոնք փակ չեն եղել
  • ախտահանե՛ք հեռախոսը սպիրտ պարունակող լուծույթով, իսկ ակնոցը լվացե՛ք օճառով
  • մաքրե՛ք պայուսակները և գնված իրերի ողջ մակերեսը նախքան դրանք տեղավորելը

 

Ձեր քայլերը հիվանդության կասկածի դեպքում

Վատառողջ լինելու դեպքում անհրաժեշտ է մեկուսանալ շրջապատից (և հարկադիր շփման ժամանակ պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն) և դիմել տեղամասային բժշկին: Խորհրդատվության կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար պետք է զանգահարել պարետատան թեժ գիծ՝ 8141, կամ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 060 838300 հեռախոսահամարներով։

 

Թեժ գիծ | օգտակար հեռախոսահամարներ

Պարետատուն՝  8141
Առողջապահության նախարարության օպերատիվ զանգերի կենտրոն՝  060 838300
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝  011 300114
Սոցիալական ապահովության ծառայության թեժ գիծ՝  114

Սույն հոդվածը ստեղծվել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Հրատապ աջակցություն hայաստանաբնակ խոցելի խմբերին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի (The German Marshall Fund of the United States) «Սևծովյան վստահություն» (Black Sea Trust for Regional Cooperation) ծրագրի կողմից։