
Տեղեկատվական հոդված կորոնավիրուսային վարակի (COVID-19) վերաբերյալ
- Posted In :
- 0 : comment
Կորոնավիրուսներ, Նոր կորոնավիրուսային հիվանդություն
Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք հիվանդություններ են առաջացնում թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների շրջանում: Մարդկանց շրջանում կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Մեր օրերում աշխարհում տարածված հիվանդությունը կոչվում է Նոր կորոնավիրուսային վարակ, որը փոխանցվում է մարդուց մարդ:
Վարակի փոխանցման ուղիները
Վիրուսը տարածվում է արդեն վարակված հիվանդի հետ սերտ շփման արդյունքում: Այսպես՝ հիվանդը հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ վիրուսային մասնիկները տարածում է շրջապատում, հատկապես այն դեպքերում, երբ հազալիս կամ փռշտալիս դեմքը փակ չէ դիմակով, անձեռոցիկով կամ ձեռքի արմունկով: Վիրուս պարունակող կաթիլները անմիջապես կարող են թափանցել այլ մարդու շնչական համակարգ և վարակել նրան, եթե պահպանված չէ վարակակրից 1.5-2 մետր հեռավորություն: Ավելի հեռու գտնվելու դեպքում վարակվելու հավանականությունը շատ փոքր է, քանի որ կաթիլները ծանրության հաշվին վայր են ընկնում և չեն հասնում դիմացինին:
Վարակվել հնարավոր է նաև շփվելով այն իրերի կամ մակերեսների հետ, որոնց վրա ընկել ու պահպանվել են վիրուս պարունակող կաթիլները: Վարակը տեղի է ունենում, եթե նման իրերին ձեռքով դիպչելուց հետո ձեռքով դիպչում ենք դեմքին, բերանին, քթին կամ տրորում ենք աչքերը: Վիրուսն օդում մնում է մինչև 3 ժամ, ստվարաթղթի վրա՝ մինչև 24 ժամ, պղնձի վրա՝ մինչև 4 ժամ, իսկ պլաստիկի և չժանգոտվող մետաղի վրա՝ 2-3 օր:
Վարակված լինելու ախտանշանները
Պետք է իմանալ, որ կորոնավիրուսով վարակված մարդկանցից ոչ բոլորի մոտ են հայտնվում հիվանդության նշաններ: Տարբեր տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է ասել, որ վարակվածներից կեսի մոտ հիվանդությունն ընթանում է աննկատ կամ գրեթե աննկատ, այնպես, որ վարակակիրը չի էլ կասկածում իր մոտ հիվանդության առկայության մասին: Սա իհարկե լավ է տվյալ հիվանդի համար հիվանդությունն առանց խնդիրների տանելու իմաստով, սակայն շատ խնդրահարույց է այն իմաստով, որ այսպիսի մարդիկ ավելի վտանգավոր են վարակը տարածելու առումով: Մեկ կարևոր փաստ ևս․ նշաններ հայտնվում են վարակումից հետո 2-ից 14 օրերի ընթացքում, հիմնականում 5-րդից 8-րդ օրերին: Հիվանդության նշաններ ունեցող 100 հիվանդից՝
- 99-ի մոտ առկա է տենդ՝ 5-39.0C սահմաններում,
- 70-ի մոտ առկա է հոգնածության զգացողություն,
- 60-ի մոտ առկա է չոր հազ,
- 59-ի մոտ առկա են կոկորդում չորություն և ցավ,
- 40-ի մոտ առկա է ախորժակի կորուստ,
- 35-ի մոտ առկա են մկանային ցավեր,
- 31-ի մոտ առկա է դժվարացած շնչառություն,
- 27-ի մոտ առկա է խորխարտադրություն:
Ավելի հազվադեպ, բայց կարող են դիտվել նաև փորլուծություն, սրտխառնոց և փսխումներ, գլխացավ, մաշկի ցանավորում, հոտառության ու համազգացության կորուստ (կից՝ ցանի գունավոր նկարներ):
Թեթև ընթացքի կամ աննկատ ընթացքի դեպքում հիվանդությունը տևում է միջինում 2 շաբաթ, միջին և ծանր դեպքերում ընթացքը կարող է երկարաձգվել մինչև 5-6 շաբաթ:
Կանխարգելիչ պաշտպանական միջոցները
Պետք է գիտակցել, որ մեծ ցանկության և հետևողական լինելու պայմաններում կարելի է ապրել առանց արտակարգ դրության պայմանների և չվարակվել կորոնավիրուսով: Պարզապես մեր առօրյա գործունեության ընթացքում պետք է հետևել մի քանի նոր կանոնների և ձևավորել նոր վարքագիծ:
- պահպանել այլ մարդկանցից սոցիալական հեռավորություն (1.5- 2 մետր)
- կրել դիմակ
- տարբեր իրերի դիպչելիս հագնել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- ձեռքով դեմքին չդիպչել
- հնարավորության դեպքում ձեռքերը լվանալ կամ
- ախտահանել
- հազալիս կամ փռշտալիս ծածկել դեմքը
- աշխատե՛ք ոչնչի ձեռք չտալ
- հանե՛ք կոշիկները
- ախտահանե՛ք ձեր տնային կենդանու թաթերը, եթե նրա հետ եք փողոց դուրս եկել
- հանե՛ք ողջ հագուստը և լցրե՛ք պարկի մեջ, որ հետո լվանաք (լվացեք 60 C-ից բարձր ջերմաստիճանի ջրով)
- պայուսակները, բանալիները, դրամապանակը և այլ իրեր թողե՛ք մուտքի մոտ՝ արկղի մեջ
- լողացե՛ք, անհնարինության դեպքում լվացե՛ք մարմնի բոլոր այն մասերը, որոնք փակ չեն եղել
- ախտահանե՛ք հեռախոսը սպիրտ պարունակող լուծույթով, իսկ ակնոցը լվացե՛ք օճառով
- մաքրե՛ք պայուսակները և գնված իրերի ողջ մակերեսը նախքան դրանք տեղավորելը
Ձեր քայլերը հիվանդության կասկածի դեպքում
Վատառողջ լինելու դեպքում անհրաժեշտ է մեկուսանալ շրջապատից (և հարկադիր շփման ժամանակ պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն) և դիմել տեղամասային բժշկին: Խորհրդատվության կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար պետք է զանգահարել պարետատան թեժ գիծ՝ 8141, կամ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 060 838300 հեռախոսահամարներով։
Թեժ գիծ | օգտակար հեռախոսահամարներ
Պարետատուն՝ 8141
Առողջապահության նախարարության օպերատիվ զանգերի կենտրոն՝ 060 838300
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 011 300114
Սոցիալական ապահովության ծառայության թեժ գիծ՝ 114
Սույն հոդվածը ստեղծվել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Հրատապ աջակցություն hայաստանաբնակ խոցելի խմբերին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի (The German Marshall Fund of the United States) «Սևծովյան վստահություն» (Black Sea Trust for Regional Cooperation) ծրագրի կողմից։
Apy
June 11th, 2020 View Profile