«Առաջին անգամ իրականացվել է Երևանի երիտասարդության կարիքների և իրավիճակի
ուսումնասիրություն»
2022 թ․ հունիսի 21-ին Երևանում տեղի ունեցավ «Հայ առաջադեմ երիտասարդություն»
հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Երևանի երիտասարդության
կարիքների և իրավիճակի գնահատում» հետազոտության ներկայացումը։
Հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին և ներառել է Երևանում
բնակվող շուրջ 300 երիտասարդների շրջանում հարցումներ, 5 ֆոկուս-խմբային քննարկումներ,
ինչպես նաև փորձագիտական հարցազրույցներ ոլորտի քաղաքականություն մշակողների, տեղական
և միջազգային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդական
աշխատողների և փորձագետների հետ:
Հետազոտության հիմնական նպատակն էր բացահայտել մայրաքաղաքում բնակվող երիտասարդների
կարիքները, մարտահրավերներն ու ձգտումները, նրանց քաղաքացիական ներգրավվածության ձևերը
և Երևան համայնքում որոշումների կայացմանը մասնակցելու հասանելիությունը։ Ստորև
ներկայացվում են հետազոտության հիմնական արդյունքները։
Անորոշություն և վախ ապագայի նկատմամբ
Ֆոկուս-խմբային քննարկումների և հարցումների մասնակից երիտասարդների մեծ մասն իբրև
կարևոր մարտահրավեր է առանձնացնում երիտասարդների անորոշությունն ու վախն ապագայի
նկատմամբ։ Հայաստանի հետպատերազմյան և ներկայիս քաղաքական իրավիճակով
պայմանավորված՝ երիտասարդներն իրենց հասակակիցների շրջանում մտահոգություն են նկատում
կապված իրենց ֆիզիկական անվտանգության և ապահովության հետ: Երիտասարդները դիտարկում
են երկրից մեկնելու հնարավորությունները՝ հատկապես արտասահմանում կրթություն ձեռք բերելու
կամ աշխատելու նպատակով։
Զբաղվածություն և ֆինանսական կայունություն
Իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ զբաղվածությունը և ֆինանսական
կայունությունը Երևանում բնակվող երիտասարդների առաջնային կարիքներից են։ Երիտասարդները
մայրաքաղաքում աշխատանք գտնելու բարդությունը կապում են իրենց ձեռք բերած կրթության ցածր
որակի, սխալ մասնագիտության ընտրության, գործնական գիտելիքների և հմտությունների
բացակայության և նոր մասնագիտություն ձեռք բերելու սակավ հնարավորությունների հետ։
Մասնագիտական կողմնորոշման ծառայությունների անարդյունավետությունը, կրթական
համակարգի առաջարկի և աշխատաշուկայի պահանջարկի անհամապատասխանությունը,
ֆինանսական կայունության բացակայությունը Երևանի երիտասարդների կարևոր
մարտահրավերներից են։ Հարցման մասնակիցների 43%-ը ֆինանսապես անկախ չէ և ֆինանսական
աջակցություն է ստանում ծնողներից։
Քաղաքացիական մասնակցություն և ներգրավվածություն
Երիտասարդների կարծիքով, վերջին տարիներին երիտասարդներն ավելի ակտիվ են ներգրավված
քաղաքացիական և քաղաքական կյանքին: Երիտասարդների մեծ մասը խորապես համոզված է, որ
իրենք կարող են դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա: Երիտասարդները նշում են, որ
իրենց ներգրավվածությունը կարող է դրական փոփոխություններ բերել հատկապես հասարակության
մեջ կարծրատիպերը կոտրելու և տարբեր ոլորտներում նորարարություններ բերելու համար: Հարցման
մասնակիցների 86%-ը կարծում է, որ երիտասարդները կարող են դրական ազդեցություն ունենալ
Երևան համայնքում։ Միևնույն ժամանակ, հարցվածների 60%-ը համաձայն է, որ իրենք կարևոր
ռեսուրս են համայնքի համար: Երիտասարդների մեծամասնությունը կարևորում է երիտասարդների
ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացին։
Չնայած որոշումների կայացմանը գործընթացին մասնակցելու և համայնքում դրական
փոփոխություններ բերելու ցանկությանը, հետազոտությանը մասնակցած երիտասարդների շուրջ
43%-ը տեղյակ չէ, թե իբրև երիտասարդ ինչպես կարող է ներգրավվել և ինչ հարթակներում, իսկ 25%-
ը տեղյակ է, սակայն չգիտի ինչպես ներգրավվել։ Սա նաև վկայում է Երևան համայքնի կառավարմանը
և որոշումների կայացման գործընթացին մասնակցելու հարթակների բացակայության մասին։
Հարցվածների 55%-ը դիտարկում է սոցիալական մեդիան որպես երիտասարդների մասնակցության
հիմնական հարթակ, որտեղ նրանք կարող են ազդեցություն ունենալ։ Հարցվածների 30%-ը ՀԿ-ները
դիտարկում է որպես երիտասարդների մասնակցության հիմնական հարթակ։ Իրականացված
որակական հետազոտությունը նույնպես փաստում է, որ ՀԿ-ները և սոցիալական մեդիան
երիտասարդների կողմից դիտարկվում են որպես մասնակցության հիմնական հարթակներ: Հարկ է
նշել, որ ՀԿ-ները որպես մասնակցության կարևոր հարթակ նշվում են միայն այն երիտասարդների
կողմից, ովքեր ակտիվ կամավորել են ՀԿ-ներում կամ մասնակցել են ՀԿ-ների կողմից կազմակերպված
երիտասարդական ծրագրերի:
Հարցին, թե ինչպես երիտասարդները կարող են նպաստել Երևան համայնքի բարելավմանը, հարցման
մասնակիցների 62%-ը նշել է, որ ունեն հստակ մտքեր և գաղափարներ։ Չնայած դրան,
երիտասարդները տեղյակ չեն, թե ինչպես և ինչ գործիքներով ազդել իրենց համայնքի զարգացման և
բարելավման վրա և ինչպես իրականացնել իրենց գաղափարները։ Հարցվածների միայն 5%-ն է
պատկերացնում, թե ինչպես իրականացնել իրենց գաղափարները։
Երիտասարդական ենթակառուցվածքներ և տրանսպորտ
Ըստ հետազոտության արդյունքների՝ Երևանում երիտասարդների ազատ ժամանակի
կազմակերպման խնդիրն ավելի մեծ է, քան սպասվում էր։ Փորձագետները նշում են, որ վերջին
տարիներին երիտասարդների հետ շատ ավելի աշխատանք է տարվում մարզերում։ Ի տարբերություն
մարզերի՝ Երևանում չկան երիտասարդական կենտրոններ, որոնք կխթանեն երիտասարդների
մասնակցությունը, կներգրավեն երիտասարդներին համայնքային ծրագրերի շուրջ, կկազմակերպեն
երիտասարդների ժամանցը՝ հատկապես կենտրոնանալով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված
խոցելի երիտասարդների հետ աշխատելու վրա։
Հարցումների և ֆոկուս խմբային քննարկումների գրեթե բոլոր մասնակիցները նշեցին Երևանում
երիտասարդների համար գործող երիտասարդական կենտրոնների բացման անհրաժեշտությունը՝
հատկապես կենտրոնից հեռու վարչական շրջաններում, օրինակ՝ Նոր Նորք, Նուբարաշեն, ՄալաթիաՍեբաստիա։ Երիտասարդները կարևորում են երիտասարդների կրթության և ժամանցի համար
նախատեսված տարածքների առկայությունը, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել, քննարկել տարբեր գաղափարներ, իրականացնել համայնքային ծրագրեր կամ պարզապես ձեռք բերել ընկերկներ և ժամանակ անցկացնել։
Ըստ երիտասարդների՝ երիտասարդական կենտրոնները պետք է լինեն տարածքներ, որտեղ
երիտասարդները կարող են հավաքվել, ճանաչել միմյանց, կիսվել մտքերով, ծանոթանալ տարբեր
մասնագիտությունների, համագործակցել և իրականացնել թիմային նախագծեր, մասնակցել հոբբիխմբակների, օրինակ՝ ընթերցանության խմբակ, պարի խմբակ, սպորտային խմբակ և այլն, մասնակցել
սպորտային միջոցառումների, ցուցահանդեսների, փառատոների, համերգների և երիտասարդական
այլ ժամանցային միջոցառումների։
Թեև Երևանում տրանսպորտի խնդիրը վերաբերում է բոլոր բնակիչներին, այնուամենայնիվ, հարցման
բոլոր մասնակիցները նշում են, որ արժանապատիվ տրանսպորտային համակարգի առկայությունը
կարևոր է հատկապես երիտասարդների համար։ Երևանում տրանսպորտային խնդիրները,
հատկապես երեկոյան ժամերին տրանսպորտի բացակայությունը, հաճախ զրկում են
երիտասարդներին ժամանցային, կրթական և մշակութային միջոցառումների մասնակցելու
հնարավորություններից։ Այս խնդիրը հատկապես մտահոգում է Կենտրոն վարչական շրջանից հեռու
բնակվող երիտասարդներին, քանի որ հնարավորությունների մեծ մասը հենց քաղաքի կենտրոնում է։
Երևանում երիտասարդական քաղաքականության բացակայություն
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երիտասարդական քաղաքականության մշակման և
իրականացման առումով հիմնական խոչընդոտը Հայաստանում երիտասարդության մասին օրենքի,
ինչպես նաև երիտասարդության ռազմավարության բացակայությունն է։ Երևան համայնքում
բացակայում է տեղական երիտասարդական քաղաքականությունը և համայնքը, չնայած ՏԻՄ օրենքով
նախատեսված պարտավորություններին, երիտասարդական ծրագրեր և երիտասարդական
աշխատանք չի իրականացնում։
Համակողմանի քաղաքականության և ռազմավարության բացակայությունը թե՛ պետական, թե՛
համայնքային մակարդակներում զուգորդվում է նաև պետական և համայնքային
գերատեսչությունների միջև երիտասարդության ոլորտում պարտականությունների հստակ բաշխման
բացակայությամբ։ Այս ամենը հանգեցնում է Երևան համայնքում երիտասարդության հետ
մասնատված և ոչ թիրախային աշխատանքին։
Ժամանց և հանգիստ
Ի տարբերություն մարզաբնակ երիտասարդների՝ Երևանում բնակվող երիտասարդներն ունեն իրենց
ժամանցը և ինքնազարգացումը կազմակերպելու առավել լայն հնարավորություններ։ Մինչև 18
տարեկան երիտասարդների համար հասանելի են տարբեր անվճար կամ ֆինանսապես մատչելի
հնարավորություններ, այդ թվում՝ արվեստի, նկարչության, կերամիկայի դասընթացներ, երաժշտական
և արվեստի դպրոցներում սովորելու, ինչպես նաև սպորտով զբաղվելու հնարավորություններ։
18-ից բարձր երիտասարդների համար Երևանում գրեթե բացակայում են ժամանցի ու
ինքնազարգացման անվճար կամ մատչելի հնարավորություններ, իսկ առկա վճարովի
հնարավորություններից օգտվելու համար երիտասարդներին անհրաժեշտ է ունենալ բավարար
ֆինանսական միջոցներ։ Երիտասարդական ժամանցային միջոցառումները, համերգները և
փառատոները պահանջված են Երևանի երիտասարդների շրջանում, սակայն դրանցից օգտվելը
կապված է ֆինանսական միջոցների հետ։
Apy
June 30th, 2022 View Profile