Ս/թ. մայիսի 25, 26-ին և հունիսի 2-ին շարունակվեց «Զբաղվածության դպրոց» մեթոդաբանությունը Զբաղվածության պետական գործակալությանը փոխանցելու նպատակով կազմակերպված առցանց դասընթացը ՝ Զբաղվածության պետական գործակալության և Երևանի զբաղվածության տարածքային կենտրոնների թվով 17 մասնագետի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ մեթոդաբանության փոխանցումն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ ԳՄՀԸ (GIZ) -ի կողմից իրականացող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կողվկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում: Նոր մեթոդաբանության կիրառմամբ՝ Զբաղվածության պետական գործակալությունը կնպաստի տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի շրջանում աշխատանքային հմտությունների զարգացմանը և վերջիններիս ներգրավվմանը աշխատաշուկա:
Դասընթացը կրկին անցկացվեց առցանց եղանակով՝ պայմանավորված Covid-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակով: Դասընթացի ընթացքում Action Against Hunger (AAH) միջազգային կազմակերպության փորձագետներ Լեյլա Մեսուրաձեի և Լեյլա Մերաբիշվիլիի կողմից մանրամասն ներկայացվեց Վրաստանում Զբաղվածության դպրոցների ներդրման փորձը, ձեռքբերումները, Զբաղվածության դպրոցի մեթոդոլոգիան, մասնակիցների պրոֆիլի ձևավորման, հավաքագրման և ընտրության գործընթացները:
Հայաստանում «Զբաղվածության և Ձեռնարկատիրության դպրոց» մեթոդաբանությունն առաջին անգամ իրականացվել է 2019-2020 թթ -ին EPIC ծրագրի շրջանակներում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի միջոցով: Դասընթացի ընթացքում դպրոցների կազմակերպման և իրականացման իրենց փորձով մասնակիցների հետ կիսվեցին նաև «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դիանա Չոբանյանը և «Զբաղվածության դպրոց» -ի վերապատրաստող Սոնա Գրիգորյանը:
Եռօրյա առցանց դասընթացի ընթացքում ներկայացված թեմաների շուրջ, հարց ու պատասխանի միջոցով, տեղի ունեցան քննարկումներ և կարծիքների փոխանակում մասնակիցների ու ներկայացնողների միջև:
ԳՄՀԸ/GIZ-կողմից իրականացվող EPIC ծրագրի և Զբաղվածության պետական գործակալության միջև համագործակցությունը առաջիկայում կշարունակվի. «Զաղվածության դպրոց» մեթոդաբանությունը կիրականացվի Երևանի Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածային կենտրոններում:
Apy
June 10th, 2020 View Profile