Անցյալ տարվա նոյեմբերին Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մենք մեկնարկեցինք «Եղի՛ր տեղեկացված. մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության խթանում՝ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի երիտասարդների շրջանում» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի 3 սահմանամերձ մարզերի (Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ) բնակվող 18-ից 30 տարեկան երիտասարդների, երիտասարդ առաջնորդների և երիտասարդական աշխատողների թվային մասնակցությունը՝ զարգացնելով նրանց գիտելիքներն ու կարողությունները մեդիագրագիտության, փաստերի ստուգման, կիբեռգրագիտության և թվային գրագիտության ոլորտներում՝ տրամադրելով նրանց մենթորություն և թվային գործիքներ իրենց համայնքներում մեդիագրագիտությանն ուղղված հանրային իրազեկման և տեղեկատվական արշավների իրականացման համար։
Վերապատրաստման դասընթացից հետո մեր երիտասարդ մարզային մասնակիցները սկսեցին իրենց փոքրիկ նախաձեռնությունները՝ դառնալով մեդիագրագիտության երիտասարդ դեսպաններ իրենց համայնքներում: Մենք որոշեցինք զրուցել նրանցից մի քանիսի հետ՝ տեսնելու, թե որքան «հեռու» են նրանք գնացել։
Լաուրա Մկրտչյան – Ես Մկրտչյան Լաուրան եմ`17 տարեկան։ Սովորում եմ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։ Զբաղվում եմ ակտիվ կամավորությամբ և մասնակցում եմ հետաքրքիր ծրագրերի։ Ապագա մասնագիտությունս դեռ չեմ որոշել, քանի որ ինձ յուրաքանչյուր ոլորտում պատկերացնում եմ և այդ իսկ պատճառով դեռ շարունակում եմ ուսումնասիրել տարբեր ոլորտներ` գտնելու ինձ առավել հոգեհարազատը։ Շատ եմ սիրում ինքնակրթվել և միշտ իմ ստացած նոր գիտելիքները կիսվում եմ իմ ընկերների, համադասարանցիների և համայնքի երիտասարդների հետ։
Մասնակցելով «Մեդիագրագիտության դեսպանները» ծրագրին ստացա նոր գիտելիքներ մեդիայի մասին։ Այս ծրագիրը այն հատուկենտ ծրագրերից էր, որին շատ մեծ հետաքրքրությամբ եմ մասնակցել ու շատ ուրախ եմ, որ եղել եմ այդ երջանիկ հաջողակներից մեկը, ով ստացել է հնարավորություն մասնակցելու ծրագրին։ Ծրագրի ավարտից անմիջապես հետո իմ համայնքում անցկացրել եմ շատ դասընթացներ և իմ ստացած գիտելիքները փոխանցել եմ համայնքի երեխաներին և երիտասարդներին։ Բացի այդ նաև օգնել եմ մեծահասակներին տարբերել սոցկայքերում իրական էջերն ու փոստերը կեղծից։
Ապագայում ևս պատրաստում եմ իրականացնել մի քանի հանդիպումներ, քանի որ սա այն թեման է, որը շատ արդի է մեր այժմյան կյանքում։ Բոլորս էլ գրանցված ենք սոցկայքերում և հաճախ ենք դառնում կեղծ լուրերի զոհը։
Այս ամենից խուսափելու համար պետք է շարունակենք կրթվել և կրթել, որպեսզի ունենանք մեդիագրագետ Հայաստան։
Սոնա Բակունց – Բարի ողջույն, ես Սոնա Բակունցն եմ, սյունեցի եմ՝ անդնդախոր լեռների գրկից: Ապրել և մեծացել եմ Վերիշեն համայնքում՝ Ձագեձորի և Յոլու աղբյուրի պարզությամբ և հպարտությամբ: Այժմ ուսանող եմ, սովորում եմ ԳՊՀ-ում, Հայոց լեզու և գրականություն բաժնում: Զուգահեռ աշխատում եմ «Բարի սիրտ» բարեգործական հիմնադրամում, որպես ծրագրերի համակարգող: Ունեմ բազմաթիվ նախասիրություններ՝ պար, սպորտ, ընթերցանություն և այլն:
Անցյալ տարի՝ 2021թվականին նոյեմբերի 5-12-ը մասնկացել եմ իմ շատ սիրելի APY-ի կողմից կազմակերպված Մեդիագրագիության դեսպաններ մեկ շաբաթյա դասընթացներին: Դասընթացը համեմված էր համապարփակ հագեցվածությամբ, անպարագիծ կարևորություն ունեցող գիտելիքներով: Դասընթացի արդյունքում ուսումնասիրեցինք և բարձրաձայնեցինք մեդիագրագիտական կարևոր հարցեր և ստացանք լիարժեք գիտելիքներ այդ ոլորտից, ինչպես նաև սովորեցինք պատրաստել փոդքասթներ, ծանոթացանք և ուսումնասիրեցինք մերօրյա կարևորագույն ոլորտներից մեկին՝ կիբեռանվտանգությունը:
Դասընթացի ավարտից հետո իրականացրել եմ լայնածավալ գործունեություն: Կազմակերպել եմ բազմաթիվ գիտելիքահեն դասընթացներ՝ Ֆաբերլիկ ընկերության աշխատակիցների, Արցախի պետական համալսարանի ուսանողների, Վերիշենի միջնակարգ դպրոցի աշակերտների, Վերիշենի նախակրթարանի աշխատակիցների, Փափուկ Մարտակերտի (Soft Martakert) համար՝ մեդիագրագիտություն և կիբեռանվանգություն թեմաների շրջանակներում:
Հերիքնազ Արզումանյան – Ես Հերիքնազ Արզումանյանն եմ, SMM մասնագետ, Համակարգչային հմտությունների և մեդիագրագիտության դասընթացավար: Աշխատում եմ որպես SMM մասնագետ մոտ 4 տարի:
Այս շրջանում «Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Սյունիքի մասնաճյուղի հետ իրականացրել ենք 4 դասընթաց և պատրաստել ենք 2 տեսանյութ՝ փաստերի ստուգման և մեդիագրագիտության վերաբերյալ:Դասընթացները եղել են Գորիսում, ինչպես նաև Քարահունջ և Ակներ գյուղերում։ 1 դասընթաց իրականացրել եմ սահմանամերձ Վաղատուր գյուղում։
Առաջիկայում պլանավորում եմ օնլայն դասընթացներ իրականացնել Տեղ համայնքի սահմանամերձ գյուղերում, նաև Գորիս քաղաքում, քանի որ Հրանտ Բաղդագյուլյանի Արվեստանոցի երիտասարդների հետ ունեմ նախնական պայմանավորվածություն, ըստ որի պետք է մեդիագրագիտության դասընթացներ իրականացնել։
Լիլիթ Շահբազյան – Ես Լիլիթն եմ, մասնագիտությամբ սոցիալական մանկավարժ, աշխատում եմ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում, որպես սոցիալական աշխատող։ Մասնակցելով «Մեդիագրագիտության դեսպանները» դասընթացին, որը իրականացվել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից, ս/թ փետրվարի 2-7-ը Հայկական Կարիտասի՝ Գավառի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաների համար իրականացրել եմ դասընթաց «Մեդիագրագիտություն» թեմայով։
Դասընթացների ընթացքում ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները՝ «Ինչպես կողմնորոշվել առցանց աղբյուրներում․ կայքեր և սոցիալական ցանցեր», «Փաստերի ստուգում», «Թվային մարքեթինգ», «Փոդքաստներ», «Կիբեռանվտանգություն»։ Յուրաքնաչյուր դասընթաց ընթացել է գործնական առաջադրանքներով՝ մասնակիցներին մոտ զարգացնելով մեր օրերի համար կարևոր հմտություններ, կարողություններ, ձևավորելով նոր գիտելիքներ։
Նոնա Միրզոյան – Ես Նոննա Միրզոյանն եմ Գորիս համայնքից, մասնագիտությամբ գրականագետ եմ, բայց արդեն 5 տարի է, ինչ գործունեություն եմ ծավալում հանրային կապերի և լրատվության ոլորտում՝ աշխատելով Գորիսի պետական համալսարանի հանրային կապերի և լրատվության բաժնում՝ որպես պատասխանատու։ Այժմ լինելով “Սոսե Կանանց Հիմնահարցեր” հասարակական կազմակերպության կամավոր՝ գործունեություն եմ ծավալում հասարակական ոլորտում՝ մասնակցելով նշյալ ՀԿ֊ի և այլ հասարակական կազմակերպությունների տարբեր ծրագրերին՝ ուղղված տարածաշրջանում քաղաքացիական հասարակության առողջ միջավայրի ձևավորմանը, երիտասարդների հասարակական ակտիվության և համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ երիտասարդների մասնակցության բարելավմանը , սահմանամերձ տարածքներում մեդիագրագիտության ոլորտի զարգացմանը և այլն։ Այժմ մասնակցում եմ նաև անգլերեն լեզվի դասընթացների։ Կենսասեր եմ, երազկոտ հումանիստ և հայրենասեր, աշխույժ, բեմական, սիրում եմ երգել, պարել, ասմունքել, ճանապարհորդել։
2021թ. նոյեմբերին մասնակցել եմ “Հայ առաջադեմ երիտասարդություն” հկ֊ի “Մեդիագրագիտության դեսպաններ” ծրագրին՝ Հայաստանի տարբեր մարզերի մի խումբ շնորհաշատ երիտասարդների հետ վերապատրաստվելով հայաստանյան մեդիաոլորտի առաջատար մասնագետների կողմից։ Ծրագրին Սյունիքը ներկայացնող ևս մեկ մասնակցի՝ Մելանյա Թևոսյանի հետ, 2021թ.֊ի դեկտեմբերից Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում անցկացրել ենք “Մեդիագրագիտության” դասընթացներ նշյալ համայնքների դպրոցների ավագ դասարանների աշակերտների, ինչպես նաև նրանց ծնողների հետ՝ ծրագրին մեր ստացած տեսական և գործնական գիտելիքները փոխանցելով նրանց, ինչը ոգևորությամբ է ընդունվել մասնակիցների կողմից, ինչպես նաև նշեմ, որ առաջարկներ են եղել նաև այլ դպրոցների ղեկավարության կողմից, ինչը տեխնիկական որոշ հարցերից կախված՝ դեռևս չենք իրականացրել։
Ֆեյսբուք սոցիալական հարթակում գործարկել ենք (կրկին Մելանյայի հետ) “Մեդիագրագիտությունը սահմանին” էջը, որտեղ պարբերաբար ներկայացնում ենք մեր իրականացրած դասընթացներն ու տարբեր հետաքրքիր հրապարակումներով մեդիագիտելիքներ ենք հաղորդում մեր հետևորդներին, որոնք հիմնականում Սյունիքի մարզի մեդիասպառողներն են։ Անկեղծ ասած՝ նյութական միջոցների պատճառով՝ ընդհատել ենք մեր որոշ աշխատանքները, միջոցներ լինելու դեպքում հետագայում շարունակելու նպատակամիտմամբ։ Նշեմ, որ մեդիաոլորտը մեծ բացեր ունի տարածաշրջանում, և մենք դրանում ավելի համոզվեցինք դասընթացների կազմակերպումից հետո։Առաջիկա ամիսներին պատրաստվում եմ շարունակել կամավորական աշխատանքս նշյալ ծրագրերի շրջանակներում, նաև ունենալ հիմնական աշխատանք հասարակական ոլորտում, կազմակերպել մեդիադասընթացներ, ինչպես նաև շարունակել կրթությունս այս ուղղությամբ։
Apy
May 27th, 2022 View Profile