Հայտարարություն
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրապնդմանն ուղղված մի շարք փոփոխությունների ներառման վերաբերյալ
Սույն հայտարարությունում տեղ գտած պահանջներն ու առաջարկները հասցեագրված են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, ՀՀ Արդարադատության նախարարությանը, ՀՀ Վարչապետին։
25.09.2020 թ․
Սույն հայտարարությունը նախաձեռնվել է 18.09.2020թ․-ին տեղի ունեցած՝ սոցիալ-տնտեսական իրավունքների սահմանադրական ամրագրման խնդիրների շուրջ հանրային քննարկման մասնակից կազմակերպությունների կողմից։
Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին առաջարկում են Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ներառել դրույթներ, որոնք կապահովեն 2015 թ․-ի փոփոխությունների արդյունքում սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների սահմանափակումների չեղարկումը և սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների համապատասխանեցումը՝ ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին: Հանձնաժողովին մանսավորապես առաջարկում ենք՝
- ՀՀ Սահմանադրության 82-85-րդ հոդվածներում ամրագրված օրենսդրական երաշխիքները (Գլուխ 3) վերաձևակերպել սուբյեկտիվ իրավունքների և ամրագրել Սահմանադրության 2-րդ գլխում որպես հիմնական իրավունքներ։
- Սահմանադրորեն ամրագրել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բոլոր սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների վերաբերյալ ընդունված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության վիճարկման իրավունքը/հնարավորությունը:
- Վերականգնել բավարար կենսամակարդակի՝ ներառյալ բավարար բնակարանային պայմանների իրավունքի պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքները։
- Սահմանադրության 38-րդ հոդվածում կրթության իրավունքի երաշխիքների մեջ վերականգնել 2005թ. խմբագրությամբ սահմանադրությամբ ամրագրված հիմնական կրթության պարտադիր լինելու երաշխիքը:
- Ելնելով ՀՀ միջազգային պարտավորություններից, մասնավորապես, ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով (այսուհետ՝ Դաշնագիր) և Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով (այսուհետ՝ Խարտիա) ճանաչված ամբողջ ծավալով և նույնանման եզրութաբանության օգտագործմամբ՝ ա) սահմանադրաիրավական ամրագրում տալ աշխատանքի իրավունքին, բ) առողջության պահպանման իրավունքն ամրագրել որպես առողջության իրավունք, գ) սոցիալական ապահովության իրավունքից օգտվելու լրացուցիչ հիմք ամրագրել անձի՝ առողջապահական համակարգից օգտվելու հնարավորության բացակայությունը։
Առաջարկների հակիրճ հիմնավորում։
ՀՀ Սահմանադրության նախորդ՝ 2015 թ․-ի փոփոխություններով զգալիորեն նվազեցվեցին սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքները, նաև որոշ երաշխիքներ առհասարակ վերացվեցին։ Փոփոխությունների արդյունքում սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների մի մասը (սոցիալական ապահովության, առողջության պահպանման, աշխատանքի բավարար պայմանների և այլն) ամրագրում չստացան Սահմանադրության 2-րդ գլխում, դադարեցին համարվել հիմնական իրավունքներ և ամրագրվեցին Սահմանադրության 3-րդ գլխում, որպես տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքներ և պետության քաղաքականության հիմնական նպատակներ: Տարանջատման արդյունքում սոցիալական, տնտեսական և մշակութային մի շարք իրավունքների նկատմամբ տարածում չստացան անմիջական գործողության, իրավական որոշակիության, համաչափության ու 2-րդ գլխի նկատմամբ կիրառելի այլ սկզբունքները։ Ինչն առավել կարևոր է, սահմանափակվեց այդ իրավունքները կարգավորող իրավանորմերի սահմանադրականության վիճարկման ինստիտուտը։ Արդյունքում, ինչպես ՄԻՊ-ը, այնպես էլ քաղաքացին սահմանադրական վերահսկողության շրջանակներում զրկվեցին հնարավորությունից վիճարկել այն իրավական ակտերի սահմանադրականությունը, որոնք խախտում են գործող սահմանադրության 3-րդ գլխով ամրագրված սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները: Վերջապես, 2015 թ․-ի խմբագրությամբ Սահմանադրության տեքստից բացառվեցին այնպիսի կարևորագույն իրավունքներ, ինչպիսիք են բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ նաև բնակարանի կամ կենսապայմանների բարելավման իրավունքը, իսկ կրթության իրավունքի ձևակերպումից դուրս բերվեց հիմնական կրթության պարտադիր լինելու երաշխիքը։
2015 թ․-ի փոփոխությունները վիճահարույց են իրենց հիմքում դրված հիմնավորումների առումով և խնդրահարույց են դրանցից բխող իրավական, սոցիալական և ինստիտուցիոնալ հետևանքների առումով։
Փոփոխությունների հիմքում են դրվել հայեցակարգային դիրքորոշումներ (2015թ. սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով), որոնք չունեն բավարար փաստարկային հիմք, չեն բխում միջազգային մարդու իրավունքների մեկնաբանման առաջադեմ փորձից, ժողովրդավարական կառուցակարգերի գործունեության տրամաբանությունից:
Իրականացված փոփոխություններն ու ներդրված սահմանափակումները հակասում են Սահմանադրության 1-ին անփափոփոխելի հոդվածով ամրագրված «սոցիալական-իրավական պետության» կոնցեպտին, էականորեն նվազեցնում են իրավական այն գործիքակազմն ու երաշխիքները, որոնք անհրաժեշտ են տվյալ կոնցեպտի գործնականացման համար։
Սահմանադրականության վիճարկելիության սահմանափակումը լրջորեն նվազեցնում է սոցիալ-տնտեսական իրավունքների խախտումների դեպքում պաշտպանության միջոցների հասանելիությունը, վիճահարույց է իրավունքների դատական պաշտպանության իրավունքի և իրավունքի գերակայության սկզբունքի տեսանկյունից։
2015 թ․-ի փոփոխությունները սահմանադրական մակարդակում հիմնավորված չեն սոցիալ-տնտեսական իրավունքների շուրջ ձևավորված ՀՀ սահմանադրական արդարադատական իրավակիրառ պրակտիկայով, և կարող են գնահատվել որպես արհեստական օրակարգ։
Իրականացված փոփոխություններով Հայաստանը խախտել է իր միջազգային իրավական պարտավորությունները, մասնավորապես, Դաշնագրի 2-րդ հոդվածը՝ արձանագրելով դաշնագրով սահմանված պետության պարտավորությունների իրականացման էական հետընթաց։ Միևնույն ժամանակ, սոցիալ-տնտեսական իրավունքների նորմերի սահմանադրականության վիճարկելիության սահմանափակումը հակասում է ներկայիս կառավարության՝ Դաշնագրին կից արձանագրությունը վավերացնելու հանձնառությանը։
Թե՛ 2005 թ․-ի և թե՛ 2015 թ․-ի խմբագրությամբ սահմանադրություններում սոցիալական մի շարք իրավունքների՝ աշխատանքի ազատ ընտրության իրավունքի, աշխատանքային պայմանների իրավունքի, առողջության պահպանման իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի ձևակերպումները ամբողջ ծավալով չեն արտացոլել ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունները (Դաշնագրի և Խարտիայի պահանջները), ինչպես և միջազգային մարդու իրավունքների մարմինների պրակտիկայի զարգացումը, ուստի առկա է նաև դրանց բովանդակային վերանայման անհրաժեշտություն։
Հայտարարությամբ ներկայացվող բոլոր փաստարկների և առաջարկությունների հիմնավորումներն առավել մանրամասն ներկայացված են Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից պատրաստված «Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները կարգավորող նորմերի սահմանադրականության վիճարկելիության վերականգման, պաշտպանության ռեժիմի բարձրացման և սահմանադրաիրավական երաշխիքների ուժեղացման անհրաժեշտությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգում» հետազոտական փաթեթի շրջանակներում։
Հաշվի առնելով ՀՀ վարչապետի N 181-Ա որոշմամբ ամրագրված՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության թափանցիկության, հրապարակայնության, ինչպես նաև հայեցակարգի պատրաստման գործընթացում հանրության մասնակցության ապահովման պահանջները՝ ներքոստորագրյալ կազմակերպություններն ակնկալում են Հանձնաժողովի արձագանքը հայտարարության վերաբերյալ, բաց են ներկայացված առաջարկների շուրջ բովանդակային մասնագիտական քննարկումների համար։
Հայտարարությունը բաց է միանալու համար։
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Apy
September 28th, 2020 View Profile