Օգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվում է Երիտասարդության միջազգային օրը: 2022-ին Երիտասարդության միջազգային օրվա կարգախոսն է սերունդների միջև համերաշխությունը, և պատահական չէ, որ Երևանում տոնական օրը երիտասարդները կնշեն Nemra խմբի համերգով։ Խումբը հայկական ժողովրդական երգերը վերամշակում է ժամանակակից գործիքավորմամբ՝ տալով այդ երգերին երկրորդ կյանք: Հայկական ռոք խմբի ստեղծագործություններից շատերը ծանոթ են ավագ սերնդի ներկայացուցիչներին, իսկ գործիքավորումը՝ հոգեհարազատ երիտասարդներին:
Օգոստոսի 27-ին կկայանա երիտասարդների օրվան նվիրված համերգը Nemra բենդի հետ։ Մինչ համերգը որոշեցինք մի փոքր զրուցել բենդի մենակատար Վան Եղիազարյանի հետ, ով կիսվեց իր հետաքրքիր մտքերով, օգնեց գտնել երգ, որի ներքո կարելի է արևածագ դիմավորել, պատմեց (կամ չպատմեց) իր թաքնված տաղանդների մասին և երիտասարդների համար կարևոր խորհուրդներ տվեց։
Այսպիսով, սկսենք մեր փոքրիկ հարց ու պատասխանը NEMRA-ից Վանի հետ։
Ո՞ր երգի ներքո կարելի է արևածագ դիմավորել։
Jakob Dylan – Something good this way comes!
Ի՞նչ էմոցիաներ ունեիք ձեր առաջին համերգի ժամանակ։
Մտածում էի, որ բոլորը ստում էին, երբ ասում էին, որ ամեն ինչ լավ էր։ Անհասկանալի էին էմոցիաներս, բայց մի բան հաստատ էր, որ պետք է անպայման շարունակել։
Ունե՞ք որևէ թաքնված տաղանդ, որի մասին շատ քչերը գիտեն։
Ունեմ, բայց դրա մասին կշարունակեն շատ քչերը իմանալ։
Ո՞րն է Հայերենում ձեր ամենասիրելի բառը։
Ամեն օր տարբեր սիրելի բառեր են, այսօր թող լինի՝ տիեզերք․ (հեղ․ հարցազրույցը արվել է մի քանի օր առաջ, շատ հավանական է, որ այսօր Վանի ամենասիրելի բառը այլևս տիեզերքը չլինի)
Ո՞րն է ֆիլմերից ձեր ամենասիրելի արտահայտությունը։
Միմինոյի մեջ, երբ Մհեր Մկրտչյանն ասում է` Էս ինչ ա կատարվում, էս ինչ տեղ եմ ընկել: Հայաստանում հաճախ է այդ արտահայտությունը մտքիս գալիս։
Հայտնի երգիչներից ու՞մ կյանքով կցանկանայիք մեկ օրով ապրել։
Երևի չէի ուզի նման բան լիներ, քանի որ եթե հանկարծ ինձ դուր գար այդ մեկ օրվա կյանքը, իմ սեփական կյանքն արդեն անիմաստ կթվար մինչև կյանքիս վերջ։
Ո՞րն է լավագույն խորհուրդը, որը մեկ այլ երաժիշտ ձեզ երբևէ տվել է։
Մեր թիմի երաժիշտներից մեկի խորհուրդը հաշի՞վ է։ Կարծում ենք՝ այո։
Եղբայրս՝ մեր բասիստը, խորհուրդ էր տալիս, որ նոր գրված երգերս մինչ հանդիսատեսին ներկայացնելը ամեն օր 20 անգամ չնվագեմ-երգեմ, որ չհոգնեմ երգից, ու երբ ժամանակը գա հանդիսատեսին ներկայացնելու, ավելի մեծ էնտուզիազմով կատարեմ երգը։ Հազվադեպ խորհուրդներից է, որի հետ համաձայն եմ, բայց իհարկե չեմ հետևում խորհրդին։
Կա՞ որևէ երգ, որը ձեր կյանքի սաունդթրեքը կարող էր լինել։
Մեկ երգի մեջ դժվար տեղավորվի իմ կյանքը: Կարծում եմ՝ կընտրեի Վիվալդիի «Տարվա եղանակները», որովհետև բոլոր եղանակներն էլ իմ կյանքում կան։
Ի՞նչն է ձեզ ամենից շատ ոգեշնչում, և մեր երիտասարդների համար ունե՞ք խորհուրդներ։
Երիտասարդներին ստանդարտ խորհուրդ պետք է տամ․ գնալ սեփական երազանքների հետևից, զբաղվել էն գործով, որը սիրով են անում, ամբողջովին տրվել էդ գործին ու ամենակարևորը՝ անկեղծ լինել: Հուսով եմ՝ բոլորը սիրում են անել այն գործը, որի տաղանդն ու շնորհն իրենց տրված է, հակառակ դեպքում շատ դաժան կլինի: Բայց, առհասարակ, միշտ խորհուրդ եմ տալիս՝ չլսել խորհուրդներ, քանի որ ամեն մարդու ճակատագիրն ու ճանապարհը միայն իրենն է, ու ինքը պետք է սեփական սխալ ու ճիշտ գծերով գծի ու հետո էլ իր ուզած ներկերով ներկի իր կյանքի նկարը:
Մենք, Վանը և Nemra բենդի մյուս երաժիշտները անհամբեր սպասում ենք ձեզ տեսնելու օգոստոսի 27-ին, ժամը՝ 20։00 PLATFORM-ում, որտեղ տեղի կունենա ամառվա թերևս ամենաերիտասարդական համերգը։ Մինչ հանդիպում։
Apy
August 19th, 2022 View Profile