«Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը ՀՀ մարզերում» ծրագիր

Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում կարեւոր է մայրաքաղաքի և մարզային ուսանողության ակտիվ մասնակցությունը: Ակտիվ ուսանողը որակյալ կրթության թիվ մեկ պահանջատերն է եւ նրա մասնակցությունը անհրաժեշտ է իր կրթությանը վերաբերող ցանկացած բարեփոխումների քննարկմանն ու իրականացմանը: Այնուամենայնիվ, մարզային ուսանողները շարունակում են դուրս մնալ կրթական բարեփոխումների օրակարգից, կարծես թե դա նրանց չի վերաբերում: Ուսանողների կողմից «ընտրվող» ներկայացուցչական մարմինները հաճախ շարունակում են մնալ քաղաքականացված եւ չեն ներկայացնում ուսանողի շահերը: Այս համատեքստում անհրաժեշտ է այնպիսի անկախ հարթակի առկայությունը, որտեղ ուսանողները ազատ կլինեն բարձրաձայնելու իրենց կրթությանը վերաբերող խնդիրները եւ քննարկելու այդ խնդիրների լուծման ճանապարհները:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը մեկնարկում է «Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը ՀՀ մարզերում» ծրագիրը` նպաստելու ուսանողների մասնակցության բարձրացմանը կրթական բարեփոխումներին, զարգացնելու առաջնորդության հմտությունները և խթանելու կրթության որակի նկատմամբ նրանց պահանջի ձեւավորումը Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։

Ծրագրի թիրախը Հայաստանի մարզային տարբեր բուհերում սովորող 20 ուսանողներն են, ովքեր ցանկանում են ունենալ անկախ, այլընտրանքային և ապահով տարածք, որտեղ կարող են`
  • մասնակցել բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների շուրջ քննարկումներին,
  • առաջարկել լուծումներ եւ փորձարկել այդ լուծումները ներբուհական կամ միջբուհական ուսանողական համագործակցության միջոցով,
  • առաջարկել, նախագծել եւ իրականացնել իրենց գաղափարները, որոնք կնպաստեն իրենց իսկ բուհում կրթության որակի բարձրացմանը:
Ծրագրի նպատակները՝
  • Նպատակ 1
    Ձևավորել Հայաստանում բարձրագույն կրթության որակի նկատմամբ պահանջը մարզային ակտիվ ուսանողների շրջանակներում:
  • Նպատակ 2
    Ակտիվացնել եւ մոբիլիզացնել ուսանողներին իրենց կրթության խնդիրների եւ մտահոգությունների շուրջ եւ իրականացնել դրանց լուծմանն ուղղված գործողություններ:
  • Նպատակ 3
    Զարգացնել ուսանողների առաջնորդության ունակությունները եւ նպաստել Հայաստանի մարզերում ուսանողական ակտիվիզմի զարգացմանը:
  • Նպատակ 4
    Ներառել ուսանողներին Հայաստանում կրթական բարեփոխումների շուրջ քննարկումներին որպես բարեփոխումների իրականացման մասնակից, ոչ թե սպառող:
Ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն են ունենալու՝
  • Մասնակցելու՝
  • • Մեկշաբաթյա ինտենսիվ ուսանողական ակտիվիզմի դպրոցի,
  • • փորձագետների հետ զրույց-հանդիպումների,
  • Կազմակերպելու՝
  • • ուսանողներին մտահոգող խնդիրների շուրջ տարբեր գործողություններ,
  • • ուսանողների շահերի պաշտպանության արշավներ և ծրագրեր,
  • • ուսանողական ծրագրեր և նախաձեռնություններ,
  • Ստանալու՝
  • • սեփական ծրագրերը իրականացնելու համար ֆինանսավորում,
  • • տեղացի և միջազգային փորձագետների հետ հանդիպելու հնարավորություն,
  • • ավարտական դիպլոմ:
Ուսումնական այց կենտրոնական Եվրոպա
Մեկամյա ծրագիրը հաջողությամբ ավարտած մի քանի ուսանողներ հնարավորություն կստանան երկշաբաթյա կրթական այցով մեկնել Լեհաստան, Չեխիա և Սլովակիա` տեղում ծանոթանալու ուսանողական ծրագրերին, ինչպես նաև ուսանողական կառույցների և համալսարանների աշխատանքին:
Հիմնական բաղադրիչները
Ուսանողական ակտիվիզմի դպրոց
Ուսանողական ակտիվիզմի դպրոցը կհամախմբի Հայաստանի մարզերի բուհերում սովորող 20 ուսանողների: Ուսանողները կընտրվեն «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից: Ուսանողական ակտիվիզմի դպրոցը տեղի կունենա ծրագրի մասնակից մարզերից մեկում: Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու փորձագետների կողմից տրամադրվող կարողությունների զարգացման մի շարք սեմինարների, ազատ եւ քննադատաբար կքննարկեն Հայաստանում բարձրագույն կրթական համակարգի առկա խնդիրները եւ ձեռք կբերեն գիտելիքներ ակտիվ քաղաքացիության, ժողովրդավարական սկզբունքների, քննադատական մտածողության եւ մի շարք այլ հիմնարար թեմաների մասին: Ուսանողական ակտիվիզմի դպրոցը կլինի անվտանգ տարածք, որտեղ ակտիվ ուսանողները կունենան մեկշաբաթյա ինտենսիվ հանդիպում և կմասնակցեն կարողությունների զարգացման մի շարք սեմինարների, ազատ եւ քննադատաբար կքննարկեն Հայաստանում բարձրագույն կրթական համակարգի առկա խնդիրները, ձեռք կբերեն գիտելիքներ Որակյալ կրթության եւ ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ, կմշակեն կոնկրետ պահանջներ բարձրագույն կրթության որակի համար, կբարելավեն ակտիվ քաղաքացիության եւ առաջնորդություն հմտություններ, կմշակեն համատեղ ուսանողական ծրագրեր հետագայում ֆինանսավորում ստանալու ակնկալիքով եւ կներգրավվեն եւ կմոբիլիզացնեն իրենց ուսանող-ընկերներին, կստեղծեն մի համայնք, որը պատրաստ է պայքարել որակյալ կրթության իրավունքի համար:

Փորձագետների հետ զրույցներ
Մեկշաբաթյա ուսանողական ակտիվիզմի ​​դպրոցը ավարտելուց հետո ուսանողները կմասնակցեն Փորձագետների հետ զրույցներին, որոնք տեղի կունենան Երևանում: Զրույցները կանցկացնեն փորձագետներ Հայաստանից, Չեխիայից, Լեհաստանից եւ Սլովակիայից։ Ի տարբերություն Ուսանողական ակտիվիզմի դպրոցի, որը հիմնականում կենտրոնանալու է ուսանողների հմտությունների զարգացման վրա, փորձագետների հետ զրույցները կտան մասնակիցներին գիտելիքներ բարձրագույն կրթության ոլորտում առկա տվյալների, փաստերի եւ հետազոտությունների վերաբերյալ: Փորձագետների հետ զրույցների արդյունքում ուսանողները կստանան խորը գիտելիքներ բարձրագույն կրթության որակի վերաբերյալ:

Ուսանողների գաղափարների ֆինանսավորում
Ուսանողների գաղափարների ֆինանսավորումը ծրագրի հիմնական արդյունքներից մեկն է: Մարզային ակտիվ երիտասարդ ուսանողները միասին կընտրեն Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում իրենց մտահոգող մեկ կամ մի քանի խնդիրներ եւ կմշակեն ու կիրականացնեն ծրագրեր երիտասարդական ՀԿ-ների աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի 3-4 ծրագրային առաջարկ: Ուսանողների գաղափարների ֆինանսավորման նպատակն է աջակցել ուսանողներին գործնականում կիրառել ձեռք բերված գիտելիքները, ձեռք բերել ուսանողներին մոբիլիզացնելու, ուսանողական շարժում կառուցելու եւ շահերի պաշտպանության փորձ: Ուսանողների կողմից առաջարկված լավագույն գաղափարները կֆինանսսավորվեն, յուրաքանչյուրը մինչև 500 ԱՄՆ դոլլար: Սա գործնական փուլ է, երբ շահառուները գործնականում կկիրառեն ուսանողական ակտիվիզմի դպրոցի ժամանակ ձեռք բերված ունակությունները, գիտելիքները եւ հմտությունները:

Ուսումնական այց Կենտրոնական Եվրոպա
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մի քանի ուսանողներ հնարավորություն կստանան երկշաբաթյա կրթական այցով մեկնել Լեհաստան, Չեխիա եւ Սլովակիա` տեղում ծանոթանալու ուսանողական ծրագրերին, ինչպես նաեւ ուսանողական կառույցների եւ համալսարանների աշխատանքին: Մենք նաեւ փորձելու ենք ներգրավել Հունգարիայի գործընկերներին եւ այցելել Հունգարիա, քանի որ այն ամենահետաքրքիր երկրներից մեկն է, երբ խոսքը վերաբերվում է ուսանողական շարժումներին և արշավներին: Ուսումնական այցի շրջանակներում ուսանողները կայցելեն տեղական բուհեր եւ հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են բարձրագույն կրթության ոլորտում, կհանդիպեն ուսանող ակտիվիստների, համալսարանի աշխատակիցների եւ ուսանողների, կծանոթանան Կենտրոնական Եվրոպայում գործող ուսանողական խորհուրդների եւ ուսանողական կազմակերպությունների աշխատանքին: Դա կօգնի մեր մասնակիցներին համեմատել այդ երկների կրթական համակարգի բարեփոխումները Հայաստանի հետ եւ տեղեկություններ իմանալ լավագույն փորձերի մասին:

Ծրագրին դիմելու կարգը՝

«Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը ՀՀ մարզերում» ծրագրին դիմելու ընթացակարգը բաղկացած է 2 փուլից։
Այսպիսով, ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել ծրագրի հայտադիմումը։ Առաջին փուլը հաջողությամբ անցած թեկնածուները կմասնակցեն ծրագրի ընտրության երկրորդ փուլին՝ հարցազրույցին։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 14-ն է։

Ծրագրի ժամանակացույցը
  • Դասընթացի օրերը՝ 09.03.- 15.03. 2019/Ընտրված մասնակիցները կտեղեկանան դասընթացի վայրի մասին
  • Փորձագետների հետ զրույց-հանդիպումներ՝ 2019թ.-ի մարտից հունիս ամիսներին, Երևանում
  • Ուսանողական գաղափարներին ֆինանսավորում մինչև 500 ԱՄՆ դոլար և իրականացում՝ 2019թ-ի ապրիլից մայիս ամիսներին,
  • Ուսումնական այց Կենտրոնական Եվրոպա՝ հոկտեմբեր ամսին
    Ծրագրի բոլոր ծախսերը, այդ թվում՝ այցը Կենտրոնական Եվրոպայի երկրներ հոգում են կազմակերպիչները:

Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: